«ԱրմենՏել» ընկերությունն այսօր 10 նոր գրասենյակներ բացեց Երեւանում եւ հանրապետության այլ մարզերում։ Երեւանում նոր գրասենյակները տեղակայված են Ավան. Քանաքեռ-Զեյթուն, Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա եւ Կենտրոն վարչական շրջաններում։ Մյուս 5 գրասենյակները բացվել են Աբովյան, Արմավիր, Բյուրեղավան, Հրազդան քաղաքներում եւ Բագրատաշեն գյուղում։ «Գրասենյակների բացումն իրականացվում է սպասարկման որակը բարձրացնելու ուղղությամբ, եւ պետք է նշեմ, որ մինչեւ տարեվերջ կբացվեն եւս 10 նոր գրասենյակներ»,- ասաց Ավանում նոր գրասենյակի բացման արարողությանը ներկա, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն՝ ավելացնելով, որ Հայաստանում այսօր գործում են 72 վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ։

«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրենը նշեց, որ տեղյակ է սպասարկման կենտրոններում առկա թերությունների մասին։ «Մենք պայմանավորվածություն ունենք Սպառողների միության հետ, որը օգնում է վեր հանել խնդիրները եւ հասկանալ, թե որ գրասենյակում է սպասարկումը վատ կատարվում»,- ասաց Ի. Կլիմկոն՝ ավելացնելով, որ վերջին ամիսներին կատարված աշխատանքի արդյունքում ներկայումս սպասարկումը համեմատաբար լավացել է։ Նորաբաց գրասենյակներում նաեւ կսպասարկեն կորպորատիվ բաժանորդներին։

Հիշեցնենք,որ «ԱրմենՏել» ՓԲԸ, Հայաստանում գործում է «Բիլայն» ապրանքանիշով, եւ Ռուսական «Վիմպելկոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է։