Հանրահայտ երգչուհի Շակիրան ստացել է իր աստղը հոլիվուդյան ծառուղում: Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Աստղի բացման արարողությունը, որը երգչուհին նվիրել է իր բոլոր երկրպագուներին եւ ԱՄՆ-ի իսպանախոս բնակչությանը, հաղորդում է АР-ին:
Շակիրան երկու անգամ դարձել է ամերիկյան «Գրեմմի» մրցանակի դափնեկիր: Նրա անունը արաբերենից թարգմաբար նշանակում է «երախտապարտ», իսկ հնդկերենից` «լույսի աստվածուհի»:
Շակիրան հայտնի է նաեւ իր բարեգործական գործունեությամբ: 1997-ին նա հիմնել է «Բոբիկ ոտքերի հիմնադրամ» բարեգործական կազմակերպությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Այդ կազմակերպության առաքելությունն է Կոլումբիայի եւ Լատինական Ամերիկայի ընչազուրկ երեխաների համար միջոցների հավաքումը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոլումբիացի երգչուհի Շակիրային ընդգրկել է խորհրդականների խմբում, որը զբաղվում է Միացյալ Նահանգների իսպանախոս բնակչության կրթական մակարդակի բարձրացմամբ:




























