Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` նոյեմբերի 9-ին, ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Տիկահիտո Հարադային եւ շնորհավորել դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ տարբեր ոլորտոներում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար:
Զրուցակիցները երկուստեք արձանագրել են, որ հայ-ճապոնական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ եւ վերջին տարիներին դրանք առաջ են ընթանում դինամիկ կերպով: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ երկու պետությունների միջեւ չլուծված խնդիրներ չկան:
Տիգրան Սարգսյանը կարեւորել է երկու երկրների գործարարների միջեւ փոխադարձ այցելությունները եւ նշել, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել բիզնես հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Ճապոնիայի հետ հարաբերությունների հետեւողական զարգացմանը եւ պատրաստ է ակտիվ ջանքեր գործադրել Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ փոխշահավետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում ընդլայնելու ու ամրապնդելու համար:
Տիկահիտո Հարադան հավաստիացրել է, որ պատրաստ է իրականացնել համապատասխան գործողություններ՝ մեծ ներուժ ունեցող հայ-ճապոնական հարաբերությունները տարբեր ուղղություններով ընդլայնելու եւ դրանց հետագա զարգացմանն ու ամրապնդնմանը նպաստելու համար:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ սեյսմիկ անվտանգության, բնական աղետների դեմ պայքարի, էներգետիկ եւ այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերվող հարցերի:




























