Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր` նոյեմբերի 9-ին, հանդիպել է  Նորվեգիայի թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գար Շտյորենի հետ:

ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման հիմնական թեմաներն են եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, երկրի առջեւ ծառացած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերները: Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ Հայաստանի բոլոր ներքաղաքական խնդիրները, այդ թվում` կեղծված ընտրությունները, համակարգային կոռուպցիան, ժողովրդավարական ազատությունների, անկախ դատական համակարգի, լրատվամիջոցների ազատությունների բացակայությունն ածանցյալ են մեկ հիմնական խնդրից, որն է` Հայաստանում օրենքի իշխանության հաստատումը:

Անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կնուտ Հոուգը եւ Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: