Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 9-ին, մասնակցել է մայրաքաղաքի կենտրոնում, Մոսկովյան-Աբովյան փողոցների խաչմերուկում, Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացման արարողությանը: Նորվեգացի նշանավոր բեւեռախույզ, մեծ մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացումն իրականացվում է նրա 150-ամյակի նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ բացման արարողությանը մասնակցել են նաեւ Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեն եւ Նանսենի թոռնուհի Մարիտ Գրեւը:
Հուշարձանի բացումից հետո Սերժ Սարգսյանը տիկին Մարիտ Գրեւին է հանձնել Հայաստանում հատուկ կացության կարգավիճակը հավաստող անձնագիր եւ իր ու ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել, որ Ֆրիտյոֆ Նանսենը հազարավոր հայերի այսպիսի անձնագրով աշխարհում իրենց տեղը գտնելու հնարավորություն է տվել:




























