«Վերին Լարս» հսկիչ անցագրային կետի բացման հեռանկարը մեծապես կախված է նրանից՝ կհանի՞ արդյոք Ռուսաստանը վրացական ապրանքների բեռնարգելքը (էմբարգոն) կամ գոնե կթուլացն՞ի այն: Նման տեսակետ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հանրապետական կուսակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանը:
Ընդ որում, նա ընդգծեց, որ անցակետի բացումը տնտեսապես ձեռնտու է առաջին հերթի Հայաստանի համար, քանի որ դա նրա՝ Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է: «Ավելին, „Վերին Լարսի“ եւ հայ-թուրքական սահմանի միաժամանակյա բացումը կհանգեցնի տարածաշրջանում տարանցային մրցակցության, ինչը կիջեցնի բեռնափոխադրումների գները ինչպես Վրաստանի, այնպես էլ Թուրքիայի տարածքով, իսկ դա ձեռնտու է Հայաստանի համար»,- նշել է պատգամավորը:
Նշենք, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները հաստատել են, որ օրերս Երեւանում երեք երկրների ներկայացուցիչները բանակցություններ են վարել անցակետի բացման վերաբերյալ:
Վրացական ԱԳՆ-ի աղբյուրները հայտնում են, որ Թբիլիսին անցակետի բացմանը կհամաձայնի, երբ հանվեն վրացական ապրանքների բեռնարգելքը (էմբարգոն)։ Սակայն ՌԴ ԱԳՆ-ում հերքում են Վրաստանի պայմանների լուրը: Հայաստանի ԱԳՆ-ն, իր հերթին, ողջունել է փոխզիջումն այդ հարցում:
Վրաստանի եւ ՌԴ միջեւ ցամաքային սահմանը փակվել էր դեռ 2006թ. Թբիլիսիում ռուսական սպաներին լրտեսության մեջ մեղադրելուց եւ ձերբակալելուց հետո: Այն ժամանակ Ռուսաստանը արգելեց վրացական ապրանքների ներմուծումն ու դադարեցրեց «Վերին Լարս» անցակետի աշխատանքը՝ պատճառաբանելով իբր վերանորոգման աշխատանքներով: 2008թ. վերջին Վրաստանի ԱԳՆ-ն Մոսկվայից տեղեկություն ստացավ, որ շինարարական աշխատանքներն ավարտվել են, եւ նրա թողունակությունը հասել է օրեկան 400 մեքենայի: Վրաստանի ԱԳՆ-ն պահանջեց բանակցություններ վարել Ժնեւում՝ Շվեյցարիայի միջնորդությամբ, ինչն անընդունելի էր Մոսկվայի համար:




























