NEWS.am-ը զրուցել է «Ամերիա» ընկերությունների խմբի իրավաբանական պրակտիկայի ղեկավար Դավիթ Սարգսյանի հետ:

Նշեք այն հիմնական ոլորտները, որտեղ իրավական եւ խորհրդատվական գործունեություն է ծավալում ընկերությունը:

Ավելի հեշտ է նշել այն ոլորտները, որտեղ մենք չկանք: Դրանք են ընտանեկան եւ քրեական իրավունքը: Մյուս ոլորտներում մենք ձեւավորել ենք պրոֆեսիոնալ թիմ` ճյուղային բաժանումով: Մեր ստորաբաժանումներից մեկն աշխատում է դատական համակարգի հետ եւ տրամադրում է դատական ներկայացուցչության ծառայություններ:

Մյուս ստորաբաժանումն աշխատում է կորպորատիվ հաճախորդների հետ եւ տրամադրում է բիզնեսի ղեկավարման իրավական հարցերի ծառայություններ: Այժմ մենք մշակում ենք մեզ համար շատ հետաքրքիր եւս մեկ ուղղություն` աշխատանքային պայմանագրերի աուդիտ: Դրա գլխավոր նպատակը պայմանագրերի եւ աշխատանքային իրավական փաթեթի արդիականացումն է, օրենսդրությանը համապատասխանեցնելը:

Մենք ունենք բազմաթիվ կայուն հաճախորդներ, որոնք մեզ հետ են աշխատում մեր բացման պահից: Մի շարք դեպքերում հաճախորդները դիմել են մեզ գործնական հարթությունում օրենսդրության ճիշտ մեկնաբանման համար: Մենք տրամադրում ենք ոչ միայն իրավաբանական խորհրդատվություն, այլ նաեւ իրավաբանական եզրակացություն (Legal opinion), որի համար իրավական պատասխանատվություն ենք կրում: Այդ պատասխանատվությունն ապահովագրված է, ինչը Հայաստանում ընդունված պրակտիկա չէ, սակայն պատասխանատվության ապահովագրությունը արեւմուտքում իրավական մշակույթի մի մասն է:

Մենք ունենք փորձագետների խումբ, որն ուսումնասիրում է օրենքի նախագծերը եւ համագործակցում է Արդարադատության նախարարության հետ եւ ներկայացնում է իր կարծիքը: Այս դեպքում մենք շահ չենք հետապնդում: Մեր նպատակն է նպաստել երկրի օրենսդրության զարգացմանը: Այս հիմքի վրա մենք նախատեսում ենք ծառայությունների մեջ ներառել նաեւ օրենքի նախագծերի վերլուծությունը` համապատասխան բիզնես-ուղղությունների շահերի տեսանկյունից:

2010թ. ամռանն աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի ընդունմանը որքանով էին պատրաստ գործարարները:

Որոշակի դժվարություններ կապված էին այն բանի հետ, որ փաթեթն ընդունվեց օգոստոսին, որը «մեռած ամիս է» գործարար շրջանակների համար: Որոշ դրույթների համար ճիշտ կլիներ նախատեսել անցումային փուլ: Որոշ դրույթներ կարելի էր լրացուցիչ պարզաբանել: Պետք չէ տեսադաշտից դուրս թողնել նաեւ աշխատանքային վեճերի լուծման արդյունավետությունը: Նախկինում աշխատանքային վեճերը դատարանը պետք է լուծեր երկու ամսում: Այնուհետեւ այդ լիմիտը ձեւակերպվեց «ողջամիտ ժամկետ», քանի որ դատարանները չէին հասցնում: Այս դեպքում լավ գաղափար կարող էր դառնալ վստահություն վայելով վճռաբեկի ձեւավորումը: Առեւտրային արբիտրաժի համար մենք ունենք համապատասխան օրենք, թեեւ այն չի կիրառվում:

ԱՄՀ-ի հանձնարարականները ներառում են նաեւ Հայաստանում Ֆինանսների նախարարությանը կից հարկային արբիտրաժի մեխանիզմը: Դրա արդյունավետության մասին ի՞նչ կարծիք ունեք:

Որպես իրավաբան ես կողմ եմ ցանկացած ոլորտում վճռաբեկ կառույցին: Սակայն արբիտրաժը պետք է լինի ադյունավետ եւ պակաս ծախսատար ու ժամանակատար, քան դատական համակարգը:

Մեր հասարակությունում դատական համակարգի վստահությունն ավելի ծանրակշիռ է, իսկ «արբիտրաժն» ընկալում են որպես ձեւական միջոց: Սակայն պետք է հասկանալ, որ անկախ եւ կոմպետենտ արբիտրների դեպքում որոշումը կարելի է ստանալ ավելի արագ, ավելի քիչ ջանքերով եւ, երբեմն, նաեւ ավելի արդար:

Այս տարի պարզեցվեց ձեռնարկությունների գրանցման կարգը: Ինչպե՞ս է կողմնորոշվում բիզնեսը նոր ռեժիմում:

Անկախ պարզեցումից, խորհրդատվությունների անհրաժեշտությունը մնում է: Ձեռնարկությունների հիմնադիրները նախընտրում են ընդունել ոչ թե պետռեգիստրի տրամադրած տիպային կանոնադրությունը, այլ կազմել սեփականը` կորպորատիվ նպատակների արտացոլմամբ, օտարերկրյա մայր ընկերության կանոնադրությանը համապատասխան: Այս դեպքում մենք կարող ենք ստուգել կանոնադրությունը գործող օրենսդրությանը համապատասխան լինելու հարցի վերաբերյալ եւ տալ համապատասխան հանձնարարական եւ լուծում:

Ձեռնարկությունների լուծարքի ընթացակարգի փոփոխություններն ի՞նչ արդյունք են տվել:

Մենք ունենք հաճախորդներ, որոնց համար իրականացրել ենք լուծարման եւ M&A գործարքներ: Երկու ոլորտներում էլ մենք կուտակել ենք փորձ եւ լուրջ բարդությունների չենք հանդիպել: Կառավարության անցկացրած վերջին բարեփոխումներն ավելի են դյուրացրել ընթացակարգը: Հարկային պարտքերի բացակայության մասին տեղեկանքն այժմ եւս տրվում է էլեկտրոնային համակարգով:

Խորհրդարանն արդեն երկար ժամանակ քննարկում է կանխիկ գործարքների սահմանափակման օրինագիծը: Կանխիկով աշխատելուն սովոր բիզնեսի համար այս փոփոխությունը բարդություններ չի ստեղծի՞:

Բնականաբար, ինչքան քիչ լինի ստվերային բիզնեսի մանեւրի դաշտը, այդքան մեծ կլինի մեր ծառայությունների պոտենցիալ կարիքը: Բիզնեսը սկսում է հետաքրքրվել իրավական մեխանիզմներով, որոնք կօգնեն ճիշտ կազմակերպել աշխատանքը: Այդ իմաստով, կանխիկ գործարքների կրճատմանն ուղղված միջոցառումներն օգտակար են:

Բիզնեսի միջավայրում շատերն առայժմ վստահ են, որ կանխիկով գործարքն ավելի հուսալի է: Արտասահմանում այդ մոտեցումը վաղուց արդեն չկա:

Բիզնեսի օրենսդրական կարգավորման ո՞ր ոլորտներն են առաջնահերթային բարեփոխումների տեսանկյունից:

Բիզնեսի համար օգտակար կարող է լինել վերանայված հարկային օրենսգրիրքը, որը կներառի առանձին հարկատեսակներին վերաբերող բոլոր իրավական ակտերը: Եթե մեզ հաջողվի մշակել լիարժեք օրենսգիրք, որը կներառի հարկային ոլորտի բոլոր իրավական հարաբերությունները, ապա օրենսդրությունն ավելի հասկանալի կդառնա բիզնեսի համար: Օրենսդրական կոդիֆիկացիայի տեսանկյունից եւս այդ մեխանիզմն ավելի ճիշտ է:

Մյուս ակտուալ խնդիրը պետության եւ մասնավոր հատվածի համագործակցությունն է: Հայաստանում մշակվում են եւ իրականացվում զարգացման երկարաժամկետ նախագծեր: Այդ ներդրումներն անելիս գործարարը կարող է եւ չակնկալել շահ, իսկ ակնկալելու դեպքում էլ միայն երկարաժամկետ հեռանկարում: Այդպիսի ներդրողները պետք է ստանան որոշակի արտոնություններ, իսկ ներդրումների մեխանիզմը նրանց համար պետք է պարզեցվի: Այդ արտոնությունները նպատակահարմար է տրամադրել ենթակառուցվածք ձեւավորող, մեծ քանակի աշխատատեղեր ուղղակի եւ անուղղակի ստեղծող նախագծերի համար: Որպես օրինակ կարելի է նշել Տաթեւի ճոպանուղին: Բայց այսօր դրանք կրում են մասնավոր նախաձեռնությունների բնույթ: Պետությունն ունի հնարավորություն դրանց համար ստեղծել համակարգային պլատֆորմ:

Վերջերս «Ամերիա» խումբը գրանցվել է Կալիֆոռնիայում: Ի՞նչ զուգահեռներ կան հայկական եւ ամերիկյան օրենսդրության, բիզնես-կլիմայի միջեւ:  

Այդ քայլը շատ կարեւոր է մեզ համար: Այն դուռ է բացում դեպի ամերիկյան շուկա, որը Հայաստանում ներդրումներ անելու խորհրդատվության կարիք ունի: Բազմաթիվ ամերիկահայ գործարարներ պատրաստ են ներդրումներ անել այստեղ: Նրանց կանգնեցնում է մեր օրենսդրությանն ու ընթացակարգերին անծանոթ լինելը: Նրանք նաեւ ամերիկյան օրենսդրության կրողներ են, իսկ այդ օրենսդրությունն իր նախադեպային իրավունքով շատ տարբեր է մեր օրենսդրությունից:

ԱՄՆ-ում մեր խորհրդատվական միավորը սկզբնական փուլում կարող է ճանաչողական դեր խաղալ: Մեր ամերիկացի հաճախորդները կկարողանան ծանոթանալ Հայաստանի օրենսդրության եւ բիզնես վարելու պրակտիկային:

Հայաստանի եւ ԱՄՆ-ի իրավական համակարգերի հիմնական տարբերությունը արդյունավետ եւ իսկապես անկախ դատական համակարգի առկայությունն է ԱՄՆ-ում: ԱՄՆ-ում կա արդյունավետ բյուրոկրատիա: Անհրաժեշտ են բազմաթիվ տեղեկանքներ, բայց դրանք հնարավոր է ստանալ մեկ օրում:

Ինչ վերաբերում է մեր հաճախորդներին Ռուսաստանից, ապա նրանք երբեմն զարմանում են Հայաստանի բարեփոխումներին, որոնք կան գործերի վարույթի եւ բիզնեսի վարման ոլորտներում: Բանկային փոխանցումների օրենսդրությունը մեզ մոտ ավելի ազատական է: Ռուսաստանցի ներդրողների համար հայկական օրենսդրությունը երբեմն հաճելի անակնկալ է լինում: