Մինչեւ տարեվերջ «ԱրմենՏելը» կկրկնապատկի 3G կապի ցանցը։ Այն կգործարկվի Գյումրիում, Էջմիածնում, Վանաձորում եւ Ջերմուկում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն՝ ավելացնելով, որ այս տարի Հայաստանում շարժական ինտերնետի աննախադեպ պահանջարկ է նկատվել։ «Հայաստանի շուկան բավականին հետաքրքիր է, եւ այն իրեն արդարացնում է»,- նշեց ընկերության տնօրենը՝ ավելացնելով, սակայն, որ 3G կապի շուկայում դեռ այնքան սպառողներ չկան, որպեսզի կատարված ներդրումներից արդեն ծախսերը դուրս գան։ Ըստ նրա՝ որքան շատ արտաքին շուկայից Հայաստանի համար մեծածածախ ինտերնետ գնողներ լինեն, այնքան ավելի Հայաստանի համար ինտերնետի գները կնվազեն։ «Այդ իսկ պատճառով „ԱրմենՏելը“ ողջունում է տեղական շուկայում նոր պրովայդերների ի հայտ գալը»,- ասաց Ի.Կլիմկոն՝ ավելացնելով, որ իր ղեկավարած ընկերությանը ձեռնտու է, եթե միջազգային շուկայում ինտերնետի գները Հայաստանի համար նվազեն։
Նրա խոսքով՝ մեծածախ շուկայում ինտերնետի գների նվազումը, մանրածախի վրա մեծ ազդեցություն չի թողնում։ Արմենտելը վերջերս իջեցրել է ինտերնետի մեծածախ վաճառքի գինը, սակայն տեղական պրովայդերները մանրածախ շուկայում այն չեն նվազեցրել, եւ «եթե նրանք գերշահույթներ են ստանում, ապա դա Արմետնել ընկերության խնդիրը չէ»,- նկատեց Ի. Կլիմկոն։ Նա հերքեց այն լուրերը, որ ԱրմենՏելը բանակցում է Թուրքիայի հետ՝ դեպի Հայաստան ինտերնետի գիծ անցկացնելու համար։ «ԱրմենՏելը դեպի Հայաստան ինտերնետային նոր գծեր անցկացնելու համար բանակցում է Իրանի եւ Վրաստանի հետ, իսկ Թուրքիայի հետ՝ ոչ»,-վստահեցրեց Ի. Կլիմկոն՝ ընգծելով, որ «ԱրմենՏելը» հաշվի է առնում այն, թե Հայաստանը, որ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ ունի։



























