Կառավարությունը ամբողջ 2009թ. ընթացքում, քողարկելով սեփական ձախողումները եւ որևէ լուրջ խնդիր լուծելու անկարողությունը, օրենքը շրջանցող տարբեր եղանակներով վերափոխեց բյուջեի մասին Ազգային ժողովի ընդունված օրենքը՝ ըստ էության հետին թվով իրականացվել է բյուջեի ստվերային սեկվեստր: Այդ մասին ասված է Հայ ազգային Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:

ՀԱԿ-ը հիշեցնում է, որ բազմիցս նախազգուշացրել է, որ ֆինասատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը խիստ անհամարժեք են առկա բացասական զարգացումները կանխելու կամ մեղմելու համար: Արված բազմաթիվ նախազգուշացումները անտեսելու հետևանքը եղավ այն, որ անգամ արտաքին աշխարհից ներգրավելով աննախադեպ՝ 1.5 մլրդ դոլարի վարկ, տնտեսական անկման պաշտոնական ցուցանիշով Հայաստանը գերազանցում է ԱՊՀ բոլոր և աշխարհի գրեթե բոլոր երկրներին: Իշխանության կողմից, այսպես կոչված, կանխարգելիչ տնտեսական միջոցառումները փաստորեն ուղղված են ոչ թե պետության եւ սեփական քաղաքացիների շահերի պաշտպանությանը և առկա խնդիրների լուծմանը, այլ իշխանական կոռումպացված համակարգի սնուցման, ամրապնդմանն ու պահպանմանը:

«Կառավարությունը ամբողջ 2009թ. ընթացքում, քողարկելով սեփական ձախողումները եւ որևէ լուրջ խնդիր լուծելու անկարողությունը, օրենքը շրջանցող տարբեր եղանակներով վերափոխեց բյուջեի մասին Ազգային ժողովի ընդունված օրենքը՝ ըստ էության հետին թվով իրականացվեց բյուջեի ստվերային սեկվեստր:

Նման պայմաններում մշակվեց և Ազգային ժողով ներկայացվեց գալիք, 2010թ. Պետական բյուջեի նախագիծը, որում անտեսված են մեր երկրի առջև ծառացած իրական խնդիրները և մարտահրավերները: Այսպես.
- Ընթացիկ տարվա ծրագրի համեմատ նախատեսվում է եկամուտների ծավալի շուրջ 25 տոկոս նավազեցում, այն դեպքում, երբ իշխանությունների կողմից հաջորդ տարվա համար կանխատեսվում է տնտեսական աճ:
- 2009-ի համեմատ լուրջ կրճատումներ են արված կրթության (շուրջ 25 տոկոս) և պաշտպանության ոլորտներում՝ (ավելի քան 22 տոկոս), այն դեպքում, երբ գրեթե անփոփոխ են թողնված պետական ապարատի պահպանման ծախսերը:

- Հարկեր – ՀՆԱ հարաբերակցության մեջ ծրագրված է հարկերի խիստ ցածր և նվազող մակարդակ, ինչը ըստ էության նշանակում է, որ իշխանությունները չեն պայքարելու ստվերի ու կոռուպցիայի դեմ:
- Նախատեսվում է բյուջեի հսկայական պակասորդ՝ ՀՆԱ-ի 6.5 տոկոս չափով:

Հայ Ազգային Կոնգրեսն արձանագրում է, որ այս բյուջեն որեւէ իշխանության համար սեփական սխալների եւ անհեռատեսության արձանագրման եւ հրաժարականի բյուջե է»,- նշում է կոնգրեսը եւ հավելում, ՀԱԿ-ն ունի տնտեսական ճգնաժամից դուրս գալու միջոցառումների իր ծրագիրը եւ առաջիկայում ներկայացնելու է այն: