Ուկրաինան պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին ԵԱՀԿ-ի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Օկտա Ասադովի հետ Սանկտ Պետերբուրգում ունեցած հանդիպման ժամանակ, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
«Ուկրաինան աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ լուծման եղանակը, հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա», - ասել է Վլադիմիր Լիտվինը:
Լիտվինն ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, մասնավորապես` 2013թ. ԵԱՀԿ Ուկրաինայի նախագահության համատեքստում:
Նա իր գործընկերոջը շնորհավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ Ադրբեջանը իր գործունեությամբ կնպաստի խաղաղության եւ անվտանգության ապահովմանը: Ուկրաինայի խոսնակը նաեւ նշել է, որ, իր հերթին, Ուկրաինան 2015թ. կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2016-2017թթ. ոչ մշտական անդամների ընտրություններին ակնկալում է Ադրբեջանի աջակցությունը:




























