«Թեղուտին վերաբերող իրավական բոլոր խնդիրներում նախկինի նման քաոս է տիրում. դատելով նրանից, որ ՀՀ նախագահին, վարչապետին եւ բնապահպանության նախարարությանը հասցեագրած մեր բոլոր նամակներն այդպես էլ անպատասխան են մնացել, համոզված ենք, որ հարցն ամենաբարձր մակարդակով հովանավորվում է»,- նոյեմբերի 6-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանը։

Ընդգծելով, որ Թեղուտի հարցով անկողմնակալ որեւէ նախագիծ մինչ օրս գոյություն չունի, նա նկատեց, որ կամայական գործողությունների արդյունքում այսօր արդեն վերոնշյալ տարածքում ընթացքի մեջ են մեծածավալ ծառահատումները, գետերի հուները փոխելու եւ անտառածածկ տարածքներում ճանապարհներ կառուցելու աշխատանքները։

Թեղուտի շահագործման վերաբերյալ կառավարության կողմից 2007թ. նոյեմբերին ներկայացված ծրագիրը համարելով ՀՀ օրենքներին հակասող՝ «Կանաչների» միության նախագահը նկատեց, որ դրանում բազմաթիվ թերի հաշվարկներ եւ կեղծիքներ կան։ Ավելին, դրա մշակված նոր տարբերակը, որ վարչապետի հանձնարարականով պետք է ներկայացներ VallexGroup-ը, նրա հավաստմամբ, մինչ օրս այդպես էլ չի ներկայացվել կառավարություն։

Հարցին, թե ի՞նչ փուլում է խնդրի քննարկումը Վճռաբեկ դատարանում, նա նշեց, որ նորություններ այդ առումով դեռեւս չկան, եւ հարցն այնտեղ անընդհատ հետաձգվում է։ Նրա խոսքով, սակայն, իրենք հետեւողական են լինելու եւ արդյունքի չհասնելու դեպքում դիմելու են Սահմանադրական դատարան եւ միջազգային կառույցներ։