2011թ 11-րդ ամսվա 11-րդ օրը (11.11.11) Հայաստանում սպասվում են աննախադեպ թվով հարսանիքներ: Այս են ցույց տալիս NEWS.am-ի անցկացրած հարցումները Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունների շրջանում: Երեւանի ՔԿԱԳ-ների (ԶԱԳՍ) բոլոր ստորաբաժանումներից NEWS.am-ին հայտնեցին, որ եթե սովորական օրերին ամուսնանալու ցանկությունն ունեցող մինչեւ 4 զույգ է լինում, ապա «գոլդ» թվերին, ինչպես օրինակ` 07.07.07, 10.10.10, 11.11.11, դիմող զույգերի թիվն անհամեմատ մեծանում է:
Այսպես` Ավանի ՔԿԱԳ իրենց ամուսնությունը գրանցելու համար դիմել է 4, Էրեբունի եւ Նուբարաշեն ու Քանաքեռ-Զեյթուն` ՔԿԱԳ-ներ` 5-ական, Մալաթիա-Սեբաստիայի, Նոր Նորքի, Արաբկիրի ՔԿԱԳ-ներ` 6-ական, Աջափնյակ եւ Դավիթաշեն ՔԿԱԳ` 7, Կենտրոն եւ Նորք Մարաշ ու Շենգավիթ ՔԿԱԳ-ներ` 10-ական, զույգեր: Այսպիսով` մայրաքաղաքում իրենց ամուսնությունը գրանցելու համար դիմելու է 59 զույգ, սակայն սա դեռ չի նշանակում, որ հենց այդքան հարսանիք է լինելու: Գաղտնիք չէ, որ կան զույգեր, որոնք նախընտրում են ամուսնությունից որոշ ժամանակ անց կամ ավելի վաղ գրանցել իրենց ամուսնությունը: Ամուսնությունների տարափ է լինելու նաեւ մարզերում: Օրինակ` մեր ունեցած տեղեկություններով, Սյունիքի մարզկենտրոն Կապանում 11.11.11-ին սպասվում է ավելի քան 30 հարսանիք, որոշ զույգեր դիմել են ՔԿԱԳ` գրանցվելու համար, սակայն տեղ չի եղել:
Այսպիսին է պատկերն այսօր, մինչդեռ նախկինում ամսաթվերը եւ տարեթվերը չեն կարեւորվել եւ առանձնապես չեն հիշվել, դրանք պայմանական իմաստ եւ նշանակություն են ունեցել: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արդիական ազգաբանության բաժնի գիտաշխատող Գայանե Շագոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախկինում ավելի կարեւոր էր տարվա ժամանակացույցը` իր երկրագործական ցիկլերով, քան գծային ժամանակը, երբ ամսաթիվը որպես առանձին թիվ է ընկալվում: Նրա խոսքով` կրկնվող թվերին հարսանիքների բում եղավ 2007թ, երբ 07.07.07 էր: Դա նախադեպ եղավ եւ դրանից հետո կրկնվող թվերը սկսեցին ավելի շատ օգտագործվել: Մինչեւ 2012թ երեք թվերը կրկնվելու են ու այս երեւույթը որոշ չափով կպահպանվի: «Կա ամեն ինչ էսթետիկ հայացքով նայելու կամ թվերը հիշարժան դարձնելու երեւույթ, որը բավականին նոր է»,- նշեց ազգագրագետը: Իսկ նախկինում, նրա խոսքով, եղել է հարսանեկան ժամանակաշրջաններ, այնպես, ինչպես Նոր տարին է:
Հարսանեական շրջանը համարվում էր աշնան վերջը եւ ձմռան սկիզբը, երբ, ազգագրագետի խոսքով, անհրաժեշտ քանակությամբ բերքը հավաքված էր, գինին քաշված էր, օղին կար, մարդիկ երկրագործական աշխատանքներում ավելի ազատ էին, սկսվում էր հարսանիքների շրջան: «Որեւէ մեկի մտքով չէր անցնում հատուկ ամսաթիվ նշանակել, հաշվի նստել դրա հետ, էլ չեմ ասում, որ մարդկանց ծննդյան թվերը շատ պայմանական էին, քանի որ գրագիտության միջին մակարդակը բավականին ցածր էր եւ հետո` մարդկանց կենցաղի համար դա այդքան էլ ակտուալ երեւույթ չէր: Ասում էին, որ օրինակ, այս ինչը ծնվել է երկրաշարժից այսքան տարի հետո, բավականին պայմանական տարեթվերով»,- նշեց Գայանե Շագոյանը:
Իսկ թե ինչով է պայմանավորված «գոլդ» թվերին ամուսնանալու երեւույթը, ազգագրագետը դա համարում է նոր աշխարհընկալման ժամանակի դրսեւորումներից մեկը, «երբ ժամանակի ընթացքը գնում է գծային, անընդհատ աճելով, ամեն մի թիվ դառնում է կարեւոր», ինչը խոսում է այսօրվա մշակույթի ձեւափոխման մասին, որի համար կարեւոր են նաեւ թվերը: Կրկնվող թվերին ոչ միայն ամուսնանալիս, այլեւ ավտոմեքենայի, հեռախոսի համարներ ընտրելիս է տրվում մեծ նշանակություն. «Դա խոսում է նաեւ որոշակի պրեստիժայնության մասին, եթե դու կարողանում ես այդ համարները ունենալ, դա նաեւ սոցիալական որոշակի կարգավիճակի, ունեցվածքի մասին է խոսում, այսինքն` իր մեջ որոշակի ունեցվածքային բովանդակություն է ենթադրում: Սպառողական մշակույթի համատեքստում դա ստանում է այլ իմաստ, եթե դու կարողանում ես բռնեցնել այդ թվերը, ունենալ դրանք, դա նշանակում է, որ դու ունես սոցիալական, տնտեսական բարձր կարգավիճակ կամ հավակնություններ: Քանի որ պրեստիժային վիճակին հասնելը շատ հրապուրիչ է, բնականաբար այդ միտումը տարեցտարի ավելի ու ավելի մեծ թափ է ստանում»,- բացատրեց ազգագրագետը:
Իսկ հոգեբան Սամվել Խուդոյանը «գոլդ» ամսաթվերին ամուսնանալը համարում է թիթիզ մարդկանց թիթիզ բաներ: Նրա խոսքով` այդ թիթիզությամբ ավելի շատ տառապում են երիտասարդները, հետ չեն մնում նաեւ մեծերը, ըստ որում` աղջիկների թիթիզությունից «վարակվել են» նաեւ տղաները. «Դա աբսուրդ է, թվերը հարմարեցնում են, որ սիրուն լինի, հիշեն: Բայց դա ավելի շատ մանկական բան է»,- նշեց նա` հավելելով, որ «գոլդ» թվերին ամուսնանալիս ավելի երջանիկ ընտանեկան կյանք չես ունենա: Նրա խոսքով`նախկինում միայն շաբաթ օրն էին հարսանիք անում, մնացած օրերին ամոթ էր, չէր կարելի, իսկ հիմա ազատականացվել է, ինչը եւս հնարավորություն է տալիս «գոլդ» թվերին ամուսնանալ:
Ինչեւէ, «գոլդ» օրերին ամուսնացող զույգերին մաղթում ենք բարի բախտ եւ մաղթում, որ ոչ միայն հարսանիքի օրը «գոլդ» լինի, այլեււ հետագա ամուսնական կյանքը:
Պատրաստեց Ինգա Մարտինյանը




























