Երեւանի հյուսիսային մասում այսօր` նոյեմբերի 11-ի առավոտյան առաջին ձյունն է տեղացել, իսկ կենտրոնում գրանցվել են տեղումներ անձրեւի տեսքով:

Ավելի վաղ NEWS.am-ին  «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը ասել էր, որ Երեւանում նոյեմբերի 11-ի կեսօրին օդի ջերմաստիճանը կտատանվի զրոյից բարձր 10-12 աստիճանի սահմաններում: Նոյեմբերի 11-ի ուշ երեկոյան, հանրապետության տարածքը կգտնվի հյուսիսարեւմտյան ցուրտ օդային հոսանքների ազդեցության ներքո: Նոյեմբերի 11-ի ուշ երեկոյան եւ 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում` ձյուն:

Օդերեւութաբանները կանխատեսում են, որ տեղումները կտեւեն մինչեւ նոյեմբերի 15-ը: Առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ, լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, տեսանելիության վատացում եւ դժվարանցանելիություն»,- նշել էր Գագիկ Սուրենյանը: