Սիրիայում զինվորականների եւ դասալիքների միջեւ բախումների արդյունքում, միայն մեկ օրում` նոյեմբերի 9-ին, սպանվել է 33 մարդ:

Զոհերի թվում են խաղաղ բնակիչներ, այդ թվում, երեխաներ, հաղորդում է BBC News-ը` վկայակոչելով տեղի ակտիվիստներին:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը հայտնել է, որ գնալով ավելի ու ավելի շատ զինվորներ են հրաժարվում միջազգային հանցագործությունների համամասնակից դառնալ` նախընտրելով դասալքությունը, հաղորդում է Reuters-ը:

Լոնդոնում սիրիական իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, կան նաեւ շատ ձերբակալվածներ, որոնց մի մասը վիրավոր է եւ գտնվում է Հոմսի հիվանդանոցում:

Սիրիայում զանգվածային ցույցերը եւ բողոքի ակցիաներն ընդդեմ գործող ռեժիմի սկսվել են այս տարվա մարտին: Ընդդիմադիրները պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը, բայց կառավարությունը խիստ միջոցներ է ձեռնարկում ցուցարարների նկատմամբ:

ՄԱԿ-ի տվյալներով, ցույցերի սկզբից ի վեր երկրում սպանվել է շուրջ 3500 մարդ:

Հիշեցնենք, որ Արաբական երկրների լիգան Սիրիային իրավիճակի կարգավորման պլան է առաջարկել, որին Սիրիան համաձայնել է: Սակայն Արաբական երկրների լիգայում դժգոհ են, որ Սիրիան չի կատարում «ճանապարհային քարտեզի» պայմանները, ուստի մտադիր են նոյեմբերի 12-ին արտակարգ նիստ հրավիրել այդ հարցով: