Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյան նոյեմբերի 10-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին է հանձնել իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը: NEWS.am-ին Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ գլխավոր տնօրենն ողջունել է դեսպան Արման Կիրակոսյանին եւ իր գոհունակությունը հայտնել ԱԷՄԳ հետ Հայաստանի համագործակցության կապակցությամբ: Նա անդրադարձել է ԱԷՄԳ գործունեության տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համատեղ իրականացվող ծրագրերին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներին: Դեսպան Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ բարձր գնահատել կազմակերպության հետ Հայաստանի ունեցած համագործակցությունը: Հայաստանի դեսպանն անդրադարձել է գործակալության հետ համատեղ իրականացվող տեխնիկական համագործակցության ծրագրերին, նոր էներգաբլոկի կառուցմանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումներին:




























