Հայաստանի իշխող վերնախավում վերջին պաշտոնանկությունները դժգոհություն են առաջացրել հասարակության մոտ, թեեւ բոլորովին վերջերս նույն մարդիկ բողոքում էին կադրային լճացման դեմ: Այս մասին, այսօր` նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսում հրաժարական են տվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնանկ է արվել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
«Շատ պաշտոնյաներ պետք է ազատվեին իրենց պաշտոններից, որովհետեւ չեն համապատասխանում այդ պատոնների համար անհրաժեշտ պահանջներին: Ուստի այս գործընթացն անհրաժեշտություն է եւ ես այստեղ ոչ մի անսովոր բան չեմ տեսնում»,- ասաց Հարությունյանը:
Հարցին, թե կարելի՞ է դրանից եզրակացնել, որ իր պարտականությունները վատ էր կատարում նաեւ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Խոսքը բոլորովին դրա մասին չէ: Հովիկ Աբրահամյանն ինքն է որոշել հեռանալ իր պաշտոնից: Հրաժարականը մի բան է, պաշտոնանկությունը` բոլորովին այլ»:
Պատգամավորը նախընտրեց կարծիք չհայտնել, թե պաշտոնից հեռացած որ պաշտոնյաները չէին համապատասխանում այդ պաշտոններին: «Դուք ինձ հարցնում եք նախագահի եւ վարչապետի լիազորությունների շրջանակում գտնվող հարցերի մասին: Ես իմ ասածներին ոչինչ չեմ ուզում ավելացնել»,- ամփոփեց նա:




























