Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, նոյեմբերի 9-ին, իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի դաշնային նախագահ Հայնց Ֆիշերին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում Ավստրիայի նախագահը գոհունակություն է հայտնել հայ-ավստրիական հարաբերությունների զարգացման դրական առաջընթացի առնչությամբ: Ընդգծելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը` Ավստրիայի դաշնային նախագահը կարեւորել է տնտեսական ոլորտում հարաբերությունների նշանակությունը եւ դրանք ակտիվացնելու անհրաժեշտությունը:

Դեսպան Կիրակոսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում հայ-ավստրիական ավանդական բարեկամական հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ կարեւորում է ավստրիական կողմի հավասարակշռված մոտեցումները Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ: Հայաստանի դեսպանն անդրադարձել է հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը եւ երկու երկրների զարգացման գործակալությունների միջեւ ստեղծված համագործակցությանը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ միջազգային կառույցներում համագործակցությանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում անվտանգությանը եւ կայունությանն առնչվող հարցեր: