Թուրքիայի Վան նահանգում, նոյեմբերի 9-ին, տեղի ժամանակով 21:23-ին տեղի է ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Վան քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Արտամեդում:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով` 5,6  մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով զոհվել է 17 եւ փլատակների տակից վիրավորված հանվել 30 հոգի:  Երկրաշարժից հետո գրանցվել են  հետցնցումներ`  2,8-ից մինչեւ 4,5 մագնիտուդ ուժգնությամբ:

Վանում փլվել է 25 շենք, այդ թվում «Բայրամ» եւ «Ասլան» հյուրանոցները, որտեղ եղել են  լրագրողներ եւ Կարմիր մահիկի ներկայացուցիչները։

Վանի «Բայրամ» հյուրանոցի փլատակների տակից հանվել է 8, «Ասլան» հյուրանոցի փլատակներից՝ 5 հոգու դիակ։

Հիշեցնենք, որ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։

Հոկտեմբերի 23-ի երկրաշարժի հետեւանքով զոհվել է 604, վիրավորվել` 4000-ից ավել մարդ: