Կառավարող կոալիցիայի անդամները չպետք է խախտեն կոալիցիոն սկզբունքները: Այդ մասին նոյեմբերի 11-ին, լրագրողներին հայտնել է Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը` մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի հայտարարությունը:
Նշենք, որ Բոստանջյանը հայտարարել էր, թե հավասար պայմանների դեպքում ԲՀԿ-ն կարող է ավելի շատ ձայներ ստանալ: Ընդ որում, նա ասել էր, թե անհրաժեշտություն չկա զուգահեռներ տանել այլ կուսակցությունների հետ:
«Չեմ հասկանում, ինչպես քաղաքական կոալիցիայի մեր գործընկերները խոսում են «հավասար» կամ «անհավասար» պայմանների մասին: Ստացվում է, որ ընտրությունների արդարության վերաբերյալ կասկածներ ունեն: Նա, ով նման արտահայտություն է անում, խախտում է կոալիցիոն սկզբունքները: Ոչ ոք չի լսել, որ ՀՀԿ-ն ուրիշի բոստանը քար նետի»,- ասել է Հարությունյանը:




























