Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է փոխել մի քանի նախարարների իր կուսակցության պարտությունից հետո տեղական ընտրություններում, որոնք տեղի են ունեցել մարտի 31-ին։ Այս մասին տեղեկացրել է Sözcü հեռուստաալիքը՝ չնշելով, թե ովքեր կարող են թողնել պաշտոնները։

Էրդողանի կուսակցությունն առաջին անգամ 2002-ից իշխանությունում գտնվելուց հետո պարտություն է կրել ընտրություններում։ Ձայների 37,76 տոկոս ստացել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ), ԱԶԿ-ն հավաքել է 35,48 տոկոս։ Ընդդիմությունը հաղթել է նաեւ մեծ քաղաքներում, այդ թվում Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում՝ 2019թ. տեղական ընտրություններում տարած հաղթանակից հետո։ Թուրքիայի նախագահը ընդունել է իր կուսակցության պարտությունը, խոստացել «լուրջ եզրակացություններ» անել. երեքշաբթի նրա նախագահությամբ տեղի է ունենալու կառավարող կուսակցության գործադիր կոմիտեի նիստ, որտեղ քննարկվելու են ընտրությունների արդյունքները։

Սոցիոլոգները, մեկնաբանելով ընտրությունների արդյունքները, նշում են, որ ԱԶԿ պարտության հիմնական պատճառը տնտեսականն է եւ տեղի բնակիչների դժգոհությունն իր նյութական վիճակից։ «Տնտեսությունը պետք է վերադարձնել նորմալ հուն, լուծել թոշակառուների, կյանքի արժեքի աճի խնդիրը։ Սա է ԱԶԿ-ի պարտության հիմնական պատճառը։ Կուսակցությունը պետք է որքան հնարավոր է արագ ազատվի ժողովրդից հեռու կանգնած մարդկանցից։ Ժողովուրդը նախազգուշացրել է իշխանությանը, [վստահության] վարկ բացել ընդդիմության համար»,- գրել է Hürriyet կառավարամետ թերթը։

Պարբերականը նշել է, որ կառավարող կուսակցությանը չեն վստահել առաջին հերթին տարեց ընտրողները, որոնք սովորաբար կազմել են ԱԶԿ ընտրազանգվածի հիմքը։ Թերթը ուշադրություն է դարձրել նաեւ ընտրություններին մասնակցության ցածր մակարդակին (78,1 տոկոս)՝ նշելով, որ դա կարող է պայմանավորված լինել այն բանով, որ իր նյութական դրությունից դժգոհ պետական սեկտորը չի ցանկացել մասնակցել ընտրություններին։