Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` նոյեմբերի 11-ին, այցելել է Արմավիրի մարզ: NEWS.am-ին Տարածքային կառավարման նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ փոխվարչապետը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի  ուղեկցությամբ մասնակցել է Մյասնիկյան համայնքի դպրոցի բացման արարողությանը: Նշենք, որ դպրոցը հիմնանորոգվել է «Հայաստանի մանուկներ»  հիմնադրամի  (COAF) «Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների զարգացման ծրագրի» շրջանակում, նախատեսված է  600 աշակերտի համար: Հաստատությունն  ունի ժամանակակից պահանջներին համապատասխան գրադարան եւ մեդիա կենտրոն, վերապատրաստման կենտրոն, բացօթյա դասասենյակ։ Դպրոցի վերանորոգման եւ կահավորման համար ծախսվել է 1,5 մլն դոլար: Սա հիմնադրամի կողմից Արմավիրի մարզում հիմնանորոգվող հինգերորդ դպրոցն է` Քարակերտ, Շենիկ, Դալարիկ եւ  Լեռնագոգ գյուղերի դպրոցներից հետո։

Ա. Գեւորգյանը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել  հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենին` հույս հայտնելով, որ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված  ծրագրերը շարունակական կլինեն: Փոխվարչապետն այցելել է նաեւ Արմավիրի թիվ 10 դպրոց, որն ընդգրկված է մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման երկրորդ ծրագրում, ծանոթացել նախապատրաստական աշխատանքներին: Ծրագրով հատկացվել է 50 միլիոն դրամ: Համապատասխան պայմանագրերի կնքումից հետո կմեկնարկեն վերանորոգման աշխատանքները: Այնուհետեւ Ա. Գեւորգյանը ծանոթացել է նույն ծրագրում ընդգրկված  Արմավիրի թիվ 5 դպրոցում իրականացված աշխատանքներին: Դպրոցին առաջին հրատապ ծրագրով հատկացվել էր 90 մլն  դրամ, որով հիմնանորոգվել են երեք մասնաշենքերը: Երկրորդ ծրագրով հատկացվել է  79 մլն 483 հազար դրամ` մյուս երկու մասնաշենքերի նորոգման համար: Դրանով ավարտին կհասցվի 1141 աշակերտի համար նախատեսված հաստատության  վերանորոգումը: