2011 թ. 9 ամսում Հայաստանն արտահանել է 1.4 մլրդ կվտ.ժամ էլեկտրաէներգիա` 2 անգամ ավելի, քան ողջ 2010 թ. ընթացքում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն:
Առաջին անգամ էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստանի արտահանման կառուցվածքում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը` 86 մլն դոլար ծավալով: Համեմատության համար` 2010 թ. Հայաստանից արտահանվել էր ընդամենը 20.7 մլն դոլարի էլեկտրաէներգիա:
Նշենք, որ 2011 թ. 9 ամսում Հայաստանն արտադրել է 5.5 մլրդ կվտ.ժամ էլեկտրաէներգիա: Այսինքն` արտադրված յուրաքանչյուր չորրորդ կվտ.ժամն արտահանվել է:
Թեեւ հրապարակված պաշտոնական վիճակագրությունը չի մանրամասնում, թե հատկապես ուր է արտահանվում էլեկտրաէներգիան, սակայն առավել հավանական է, որ խոսք է գնում դեպի Իրան արտահանումների աճի մասին:




























