NEWS.am-ի հարցազրույցը ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի հետ:

Պրն Սաֆարյան, դուք 15 տարի է` ներկայացնում եք բյուջեն խորհրդարանում, այդ տարիների ընթացքում բյուջեն ի՞նչ էվոլյուցիա է ապրել:

Ես ֆինանսների նախարարություն տեղափոխվել եմ 1997 թ., այն ժամանակ բյուջեն խորհրդարանին ներկայացվում էր 16-20 էջի շրջանակներում: Բյուջետային ուղերձը, բացատրագիրը, այդ ամենը ի հայտ եկան հետո: Բովանդակային առումով սկզբունքային փոփոխություններ կատարվեցին 2002 թ., երբ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակեց Ծախսերի ուսումնասիրության մասին զեկույցը: Այդ աշխատանքը մեզ հնարավորություն տվեց արմատապես վերանայել բյուջետային քաղաքականությունը: Մասնավորապես` Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրներից առաջիններից մեկն էր, որ իր բյուջետային գործընթացի մեջ ներդրեց միջինժամկետ ծախսային ծրագիրը: Դա ամբողջ բյուջետային գործընթացի էությունն  ու բովանդակությունը էապես փոխեց: Եթե մինչ այդ մեզ համար բյուջետային տարին սկսում էր օգոստոս-սեպտեմբերին, ապա ներկայում բյուջեն դեռ չհաստատված` արդեն սկսում ենք նոր բյուջետային գործընթացը, որը 2 մասից է բաղկացած` միջին ժամկետ ծախսային ծրագիր եւ տարեկան բյուջեի կազմում:

Նորություն պետք է համարել նաեւ ծրագրային բյուջետավորման կիրառումը: Դա նոր մեթոդ է աշխարհում, ու թեեւ շատ երկրներ վաղուց են դա կիրառում, մեթոդն ինքը ավարտուն տեսք չունի: Մենք արդեն երրորդ տարին է` պետական բյուջեն ամբողջությամբ ԱԺ ենք ներկայացնում ծրագրային տեսքով: Դա օրենքի պահանջ չէ, բայց ես կարծում եմ` առաջիկայում «Բյուջետաին համակարգի մասին» օրենքում փոփոխությունների մեծ նախագիծ կներկայացնենք, որը ծրագրային բյուջետավորումը կդարձնի պարտադիր գործողություն:

Մենք այս տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխություններ կատարեցինք նաեւ բյուջեի առանձին ծախսերի որոշման մեթոդում: Առողջապահությունում ներդրեցինք 1 հիվանդի ֆինանսավորման մեխանիզմը, դպրոցում` 1 աշակերտի ֆինանսավորման մեխանիզմը, փոխեցինք համայնքներին դոտացիաների տրամադրման մեխանիզմը եւ այլն:

Իսկ ծախսային առաջնահերթությունների առումով ներկայիս բյուջեն ինչո՞վ է տարբերվում նախորդ բյուջեներից:

Մինչեւ 2003-4 թ.թ. սպասում էինք, թե նախարարություններից ինչ հայտեր պետք է ստացվեն, որից հետո որոշումներ էինք ընդունում: Կառավարություն  է եղել, իսկ ես անկախությունից հետո դատապարտված եմ աշխատել բոլոր կառավարությունների հետ, բյուջեն 3 օրում ենք ստեղծել: Բայց ռազմավարական ծրագրեր մշակելուց հետո շատ բան փոխվեց: 2003 թ. մշակվեց Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, որ այնուհետ վերանվանվեց Կայուն զարգացման ծրագիր: Այդ ծրագրերում էլ, որոնց մշակմանը մասնակցեցին նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցչները, որոշվեցին մեր երկրի գերակայությունները: Այսինքն` այդ գերակայությունները որոշվեցին հասարակության բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ գերակայություններն են` սոցիալական ապահովություն, առողջապահություն, կրթություն, եւ իհարկե` պաշտպանությունը, որը պարտադրված գերակայություն է: Դրանից հետո կազմված բոլոր բյուջեներում էլ այդ գերակայությունները պահպանված են: Այդ ոլորտներին հատկացվում է մեր բյուջեի մինչեւ 70 տոկոսը, ուստի մեր բոլոր բյուջեներն էլ կարելի է անվանել սոցիալական: Ասեմ, որ մինչեւ 2021 թ. համար սրանք մնալու են մեր գերակայությունները:

Հիմա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ է, դուք էլ ասում եք` պաշտպանությունը գերակա ուղղություն է: Բայց կարծես թե պաշտպանության բյուջեում ավելացում չկա: Դուք պաշտպանության նախարարության հայտը ամբողջությամբ եք հաստատո՞ւմ, թե՞ ելնում եք հնարավորություններից:

Մենք հայտը ամբողջությամբ չենք կարող բավարարել, որովհետեւ սահմանափակ հնարավորություններ ունենք: Եթե միջոցները նույն արդյունավետությամբ ծախսվեն, ինչպես մեր հարեւան «հակառակորդ» երկրում, ապա մեզ պետք կլինի ամբողջ բյուջեն դրա համար ծախսել: Մի անգամ Ալիեւը հայտարարեց, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն կհավասարեցնի Հայաստանի ողջ բյուջեին, որ այսօր իրականում այդպես էլ է: Մենք չենք կարող զուտ ֆինանսական տեսանկյունից հավասարակշռել պաշտպանության ծախսերը, քանի որ դրա համար ամբողջ բյուջեն պետք է ուղղենք պաշտպանությանը: Մինչեւ 2002-3 թվականները մենք ՀՆԱ-ի մինչեւ 2-2.5 տոկոսն էինք հատկացնում ռազմական ծախսերին, իսկ դրանից հետո` 3.5 տոկոսը: Վերջին 2-3 տարիներին որոշ տատանումներ եղան` դեպի ավելացում: Պաշտպանության նախարարությունը հստակ պատկերացում ունի, թե ինչ գումարներ են իրեն հատկացվելու, եւ իր ծրագրերը տեղավորում է դրա շրջանակներում:

Ասացիք` Կայուն զարգացման ծրագրում նշված են առաջնահերթությունները: Այդ ծրագրում նշված է, որ քաղծառայողների միջին աշխատավարձը 2012 թ. պետք է հասներ մոտ 200 հազ. դրամի: Բայց ներկայացված բյուջեում ոչ մի ավելացում չկա, փոխարենն առաջարկվում է սոցիալական փաթեթ: Դա չի նշանակո՞ւմ, որ հետ եք մնում ձեր իսկ կողմից սահմանված առաջնահերթություններից:

Մենք կարող էինք քաղծառայողների աշխատավարձը բարձրացնել 10 կամ 15 տոկոսով: Բայց նախեւառաջ պետք էր շտկել գնաճի ու սոցիալական ցուցանիշների միջեւ առաջացած անհամամասնությունը: Գնաճը հավասար չափով չի ազդում տարբեր եկամուտներ ունեցող խավերի վրա: Նրանք, որ մեծ եկամուտներ են ստանում, ավելի պաշտպանված են, քան ցածր եկամուտ ունեցողները: Որոշվեց այս տարի մտցնել սոցիալական փաթեթը, իսկ 2013 թ. 10 տոկոսով կբարձրացնենք աշխատավարձը: Ճգնաժամի արդյունքում մենք 200 մլրդ դրամի չհավաքագրված հարկեր ունեցանք, որը վերականագնելու համար ժամանակ է հարկավոր: Ճգնաժամը, կարելի էասել, մեզ 2 տարով ետ գցեց: Այն նպատակները, որ դրել էինք 2012 թ. համար, կհասնենք 2014 թ.: Ճգնաժամի ընթացքում մենք աշխատավարձ չիջեցրինք, ինչպես շատ երկրներ, որոնք հիմա խնդիր ունեն նախաճգնաժամային մակարդակին հասնելու համար:

Իսկ ո՞վ պետք է ստանա այդ սոցիալական աջակցությունը: Վարչապետը խոսեց 100 հազ. պետծառայողների մասին, խորհրդարանում դուք հայտարարեցիք, որ հանրային ոլորտի բոլոր աշխատակիցներին փորձելու եք ներառել: Ի վերջո` կարո՞ղ է արդյոք ուսուցիչը կամ պոլիկլինիկայի բժիշկը օգտվել դրանից:

Այդ հարցի պատասխանը կհստակեցվի ամսվա վերջում: Սոցիալական փաթեթի ներդրման ամբողջ տեխնոլոգիան հիմա պատրաստ է, դրանով անձամբ ֆինանսների նախարարն է զբաղվում (դա նաեւ նրա գաղափարն է): Մնացել է մի էլեմենտ` գերատեսչությունները պետք է ներկայացնեն իրենց ոլորտի ոչ միայն քաղծառայողների, այլեւ բոլոր աշխատակիցների թվաքանակները: Հայաստանում մոտ 2000 ՊՈԱԿ-եր (պետական ոչ առեւտրային կազմակերպություննր,-խմբ) կան, որոնց աշխատողների թվաքանակը ամփոփելուց հետո հստակեցումներ կլինեն: Ես կողմնակից եմ նրան, որ աջակցության գումարը լինի այնքան, որ կարողանան ինչ-որ ծառայությունից լիարժեք օգտվել: Այդ պատճառով բոլորին ներառելը կարող է վիճահարույց լինել, բայց մյուս կողմից` չպետք է օգտվողների շրջանակը շատ նեղացնել:

Զրուցեց` Սամվել Ավագյանը