ATV-ի գլխավոր պրոդյուսեր, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը նոյեմբերի 9-ի գիշերը «Շտապօգնության» մեքենայով տեղափոխվել է «N3 կլինիկական հիվանդանոց»: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Սամվել Հարությունյանը` հավելելով, որ նա բերվել է սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշումով: «Հետազոտություն է կատարվել, կատարվել է կորոնորոգրաֆիա, որից հետո մեկ անոթի վրա դրվել է ստենտ, եւ վիճակը կարգավորվել է: Ինֆարկտի դեմը առել ենք, կանխել ենք ինֆարկտի զարգացումը»,- նշեց նա` հավելելով, որ վիճակը կայուն է, բայց հնարավոր է` անհրաժեշտ լինի մյուս անոթների վրա եւս մեկ կամ երկու ստենտ դնել:
Սամվել Հարությունյանը նշեց, որ Հրաչ Քեշիշյանին վիրահատել են իրենց հիվանդանոցի բժիշկները` Միքայել Ադամյանի գլխավորությամբ, վիրահատությունը նորմալ է անցել եւ այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում: «Նա դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` հսկողության տակ, առաջիկա 2-3 օրվա ընթացքում դեռ պետք է որոշվի` հաջորդ ստենտավորման դնման անհրաժեշտությունը կամ ոչ անհրաժեշտությունը, դրանից հետո էլ պարզ կլինի` տեղափոխվում է պալատ, թե` ոչ»,- նշեց նա` հավելելով, որ առնվազն մեկ շաբաթ Հրաչ Քեշիշյանը հիվանդանոցում կլինի:



























