Թերթը գրում է, որ օրերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվեց ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Սիսակ Ավետիսյանը: Սիսակ Ավետիսյանը, որին համակարգում ճանաչում են Սուրիկ անունով, այդ պաշտոնում հասցրել է աշխատել ընդամենը 25 օր:

«ՉԻ» տեղեկություններով` այդ տեղում հայտնվելու համար նա կարգին «մաղարիչ» է արել վերեւներում, հետո, երբ նշանակվել է` միանգամից սկսել է տնավորվել: Նախ միանգամից սկսել է վերանորոգել աշխատասենյակը, սեփական օգտագործման սանհանգույց սարքել, թանկարժեք կահույք գնել եւ այլն:

«Մեր տեղեկություններով` նա մոտ 8 հազար ԱՄՆ դոլար է ծախսել միայն այդ աշխատասենյակի կոսմետիկ վերանորոգման համար, սենյակ, որտեղ նա բախտ է ունեցել գտնվելու ընդամենը 25 օր: Ի դեպ, Սիսակ Ավետիսյանը` Սուրիկը, բավականին տեւական ժամանակ է, ինչ համակարգում է: Նա պատկանում է այն ոստիկանների շարքին, որոնք սեփական օբյեկտ ունեն: Մասնավորապես` նա մասնաբաժին ունի Ազատության հրապարակում գտնվող «Ատլանտիկ» սրճարանից»,- գրել է թերթը եւ հիշեցրել,որ «Ատլանտիկը» ժամանակին պատկանում էր ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանին, որը պաշտոնանկությունից որոշ ժամանակ անց վաճառեց իր մասնաբաժինը: