Ոստիկանության Արտաշատի բաժնում նոյեմբերի 11-ին, ժամը 06.50-ին, հաղորդում է ստացվել, որ գիշերը շենքերից մեկի բակից փախցրել են Էդգար Հ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը Հովտաշեն գյուղի տարածքում հայտնաբերվել է փախցրած ավտոմեքենան, որի ղեկին եղել է 26-ամյա Զավեն Խաչատրյանը: Վերջինս տեսնելով ոստիկանության ծառայողներին՝ փորձել է ավտոմեքենայով դիմել փախուստի, ինչը կանխվել է:

Խաչատրյանն իջնելով մեքենայից՝ դանակով սպառնացել է ոստիկանության ծառայողներին, չի ենթարկվել նրանց օրինական պահանջին, ինչից հետո ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներից մեկն իրեն ամրակցված «Մակարով» ատրճանակից 2 նախազգուշական կրակոց է արձակել, ինչից հետո Զ. Խաչատրյանը նետվելով մոտակա ջրատարը` փորձել է փախուստի դիմել, սակայն բռնվել է օպերատիվ խմբի կողմից:

Դանակն առգրավված է, ավտոմեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ:

Զ. Խաչատրյանը ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն: