Նոյեմբերի 11-ին, Հայաստանի 312 դպրոցներում մեկնարկել է  «Ռուսական արջուկ.  ռուսերենը բոլորի համար» մրցույթը, որն արդեն երկրորդ տարին է` հանրապետությունում անցկացվում է «Այբ»  կրթական ֆոնդի եւ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի   ներկայացուցչության կողմից:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին  Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի  ներկայացուցչության մամուլի ծառայությունից, այս տարի մրցույթին մասնակցել են հայկական եւ ռուսական դպրոցների 2-11-րդ դասարանների  9400-ից ավելի աշակերտներ, որը 4,5 անգամ գերազանցում է նախորդ տարվա թիվը: Սա վկայում է մրցույթի հանդեպ հետաքրքրության մեծացման մասին: Բոլոր երեխաները հուշանվերներ են ստացել` գրիչներ, էջանշաններ եւ օրացույցներ` «Ռուսական արջուկի» լոգոտիպով:

Երեւանի Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցում մրցույթի բացումն արել եւ երեխաներին հաջողություն է մաղթել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի  ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը:

Այս տարվա մրցույթի առանձնահատկությունը Հայաստանում ռուսական բուհերի մասնաճյուղերի ուսանողների ներգրավումն էր որպես դիտորդ:

Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո մրցանակակիրներն ու հաղթողները հատուկ նվերներ, իսկ բարձր դասարանների աշակերտները Ռուսաստանի բուհերում անվճար հիմունքներով կրթության հնարավորություն կստանան, համաձայն Երեւանի եւ Մոսկվայի միջեւ միջկառավարական համաձայնագրի: