Այս պահին, դեռ ՀՀԿ-ում չեն քննարկել Ազգային ժողովի նոր նախագահի թեկնածության հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Երբ քննարկենք, կիմանաք: Նման հարցերը քննարկվում են ՀՀԿ խորհրդի նիստերում: Երբ կքննարկենք, մենք սահմանված կարգով կտեղեկացնենք: Այս պահին քննարկում չի եղել»,- ասաց նա:

Հարցին, թե ե՞րբ կլինի այդ քննարկումը, Շարմազանովն արձագանքեց. «Կա կուսակցության կանոնադրություն, որով սահմանվում է, թե երբ է լինում արտահերթ նիստը: Արտահերթ նիստ կարող է գումարվել կուսակցության նախագահի եւ խորհրդի անդամների մեկ/երրորդի առաջարկով»:

Նա չբացառեց, որ արտահերթ նիստը կլինի առաջիկա օրերի ընթացքում:

Դիտարկմանը, թե արդեն ԱԺ նախագահի պաշտոնի համար կոնկրետ անուններ են շրջանառվում, նա ասաց. «Դրանք մամուլում շրջանառվող անուններ են, քանի դեռ կուսակցությունը չի քննարկել հարցը, կոռեկտ չէ խոսել մամուլի հետ»: