Մեծ Բրիտանիան ողջունում է Հայաստանի իշխանությունների` առավելապես մաքուր եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու մտադրությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը նոյեմբերի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«Մենք ողջունում ենք Հայաստանի նախագահի եւ վարչապետի հայտարարությունն այն մասին, որ առաջիկա ընտրությունները պետք է լինեն ամենաթափանցիկն ու արդարը Հայաստանի պատմության մեջ: Դա հրաշալի հնարավորություն է ցույց տալ զարգացումը դեմոկրատացման գործում»,-նշել է դեսպանը` հավելելով, որ ԵՄ-ն մտադիր է օժանդակել այդ ձգտմանը: Նա խրախուսել է ընդդիամությանը կազմակերպել ուժեղ քարոզչություն:

«Ուրախ կլինենք, եթե հայտարարությունները իրականացվեն»,-շեշտել է պատգամավորը` հավելելով, որ դա նպաստելու է նաեւ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը: Նրա խոսքով, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ ԵՄ-ի այլ գործընկերները ակտիվ մոնիթորինգ են անցկացնելու, ընդ որում խոսքը երկարաժամկետ մոնիթորինգի մասին է: Ներքաղաքական իրադրության ենթատեքստում դեսպանը հայտարարել է, որ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունները մեծ ազդեցություն են թողել քաղաքական մթնոլորտի եւ գործընթացների վրա: