Լեռնային Ղարաբաղի հարցը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրի առարկա չէ: Այս մասին նոյեմբերի 14-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Սեւծովյան և կասպիցծովյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Անդրեյ Արեշեւը` նշելով, որ նման հայտարարությունները հայ-ռուսական հարաբերությունների ամրությունը ստուգելու նպատակ են հետապնդում:
«Հնարավոր է, ոմանք կցանկանային դա, բայց փորձը եւ ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող դեպքերը վկայում են, որ ամենեւին էլ այդպես չէ: Ղարաբաղյան հակամարտությունը փոխգործակցության առարկա է, ընդ որում` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նման երկրների բազմազան փոխգործակցության: Մենք գիտենք, որ առկա են նաեւ այս հարցի տարածաշրջանային ուրվագծերը` Թուրքիան եւ Իրանը», - ասել է Արեշեւը:
Ըստ քաղաքագետի` այս բարդ իրավիճակում, երբ ղարաբաղյան հարցը օգտագործվում է Հարավային Կովկաս ներխուժելու կամ տարածաշրջանում ինչ-որ հարցեր լուծելու համար, ուղղակի պայմանավորվածությունները եւ ինչ-ինչ խոստումները իրագործելի չեն: «Ղարաբաղը, ինչպես էլ դրան վերաբերվենք, ինչքան էլ խոսենք դրա չճանաչվածության մասին, դե ֆակտո միջազգային քաղաքականության առարկա է: Եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները դա հիանալի գիտեն, կարող է այդ մասին բարձրաձայն չասվի, բայց գործնականում դա այդպես է», - նշել է Արեշեւը:


























