Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը խոստովանել է, որ Հայաստանում իր քառամյա գործունեության ամենակարեւոր արդյունքը ամուսնությունն էր:

Անգլիացի դիվանագետը, որն ամուսնացել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի ծառայության պետ Մարիա Սադոյանի հետ, նոյեմբերի 14-ի մամլո ասուլիսում նշել է, որ Հայաստանում անձնական շատ կապեր ունի եւ անպայման կվերադառնա: Դեսպանը նշել է, որ եղել է Հայաստանի գրեթե բոլոր անկյուններում` հյուսիսայինից մինչեւ հարավային սահման, եւ հիացած է հայկական տեսարաններով: Չարլզ Լոնսդեյլը նաեւ նշել է, որ մտադիր է անձամբ նպաստել տուրիզմի զարգացմանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք  Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնում փոխարինելու եկող ամուսնական զույգի նշանակումը վիրավորական ակնարկ չէր այժմյան դեսպանի ամուսնության վերաբերյալ, անգլիացի դիվանագետն ընդգծեց, որ ոչ մի վիրավորական բան չի տեսնում ամուսնական զույգի նշանակման մեջ: 

«Դա շատ աշխույժ, աշխատասեր զույգ է: Ես նրանց հետ աշխատել եմ 10 տարի առաջ Մոսկվայում», - հայտնել է Լոնսդեյլը` հավելելով, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի համար կարեւոր է ոչ թե զույգին բաժանելը, այլ նրանց միասին աշխատելու եւ զարգանալու հնարավորություն ընձեռելը: Ըստ նրա` Հայաստանի համար եւս կարեւոր է օգտվել երկու դիվանագետների փորձից, ովքեր պատրաստ են իրենց ավանդը ներդնել հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման գործում:

Հիշեցնենք, որ Չարլզ Լոնսդեյլին կփոխարինեն ամուսիններ Ջոնաթան Ջեյմս Էյվսը եւ Քեթրին Ջեյն Լիչը: