Հարկային բարձրացումները բացասաբար կանդրադառնան տարածաշրջանում Հայաստանի մրցունակության վրա եւ կարող են հանգեցնել օտարերկրյա ներդրումների ծավալների կրճատմանը: Այդ մասին նշված է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի (ՀԱԱՊ) տարածած հաղորդագրության մեջ: Նշենք, որ նոյեմբերի 10-ին, Երեւանում տեղի է ունեցել ՀԱԱՊ-ի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են մի շարք հայտնի ընկերությունների տնօրեններ («Բիբլոս բանկ Արմենիա», «Առաջին հիփոթեքային ընկերություն», «Արմենիան քոփեր փրոգրամ», «Կասկադ ինշուրանս», «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» եւ այլն):
Տնօրենները նշել են, որ եկամտահարկի եւ այլ հարկերի բարձրացումների վերաբերյալ օրինագծերը հասանելի չեն եղել հանրությանը եւ արտահայտել են իրենց մտահոգությունը դրա վերաբերյալ:
ՀԱԱՊ Խորհուրդը անդրադարձել է նաեւ վերջին շրջանում ՀՀ լեզվի մասին օրենքում կատարված փոփոխություններին (23.05.2011), համաձայն որի ընկերությունները պետք է իրենց ներքին եւ արտաքին թղթաբանությունը վարեն հայերեն լեզվով: Խոշոր ընկերությունների տնօրենները միակարծիք էին, որ փոփոխությունների կիրառման հետեւանքով ընկերությունները հավելյալ ծախսեր կկրեն: Բացի այդ` ի հայտ կգան կոռուպցիոն ռիսկեր` վերահսկող մարմինների հետ հարաբերությունների առումով: Օրենքի պահանջներն առաջ են բերում օտարալեզու փաստաթղթավարությամբ իրականացվող առեւտրային գործարքների վավերականության խնդիրը` այսպիսով լրացուցիչ իրավական ռիսկեր ստեղծելով ընկերությունների համար:
ՀԱԱՊ տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել նաեւ ստեղծել միջազգային արբիտրաժային տրիբունալ` որպես վեճերի լուծման այլընտրանքային տարբերակ:



























