Հանրապետական կուսակցությունը հարյուրից մեկ դեպքում կարող է եւ պարտվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը` մեկնաբանելով Իջեւանի քաղաքապետի ընտրություններում հանրապետական թեկնածուի կրած պարտությունը:
«Ինձ համար հաճելի է հանրության մեջ ձեւավորված այն կարծիքը, որ հանրապետականը պետք է միշտ հաղթի: Միշտ սովոր են, որ հանրապետականը հարյուրից հարյուր հաղթում է: Իջեւանյան ՏԻՄ ընտրությունում կրած անհաջողությունը հանրությանը կողմից կարծես չի ընդունվում: Դա խոսում է այն մասին, որ հանրապետականը ամենաազդեցիկ քաղաքական ուժն է, եւ հանրությունը չի ցանկանում հավատալ այս անհաջողությանը»,- նշեց Գագիկ Մելիքյանը եւ հավելեց. «Բայց մենք այն կարծիքին չենք, որ հանրապետականը պետք է հարյուրից հարյուր հաղթանակ տանի: Հարյուրից մեկն էլ կարող ենք պարտվել: Այս տեսանկյունից կարող ենք միայն հաղթող քաղաքապետին շնորհավորել»:
Գագիկ Մելիքյանը նաեւ հերքեց տեղեկությունները, թե ընտրությունների ժամանակ միջադեպեր են եղել: «Իմ տեղեկություններով որեւէ միջադեպ չի արձանագրվել, երկու կողմն էլ արձանագրում են, որ ընտրություններն անցել են բաց, թափնացիկ, առանց խախտումների»,- նկատեց նա:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Տավուշի մարզի Իջեւան քաղաքի քաղաքապետի ընտրությունները ավարտվել են ԲՀԿ-ական թեկնածու, ավագանու անդամ 38-ամյա Վարդան Ղալումյանի հաղթանակով:
ՀՀԿ-ական թեկնածու, 12 տարի գործող քաղաքապետ, 49-ամյա Վարուժան Ներսիսյանը պարտվել է մոտ 1652 ձայնով: Ըստ այդմ, ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 8712 մարդ` ընտրողների 62.8 տոկոսը: Վարդան Ղալումյանն ստացել է 5044 քվե, Վարուժան Ներսիսյանը` 3406:
Նշենք, որ ՀՀԿ-ԲՀԿ թեկնածուների միջեւ ընտրությունն անցել է բավականին լարված: ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանին սատարելու համար Աբովյանից ու Երեւանից Իջեւան են եկել մի քանի խմբեր: Երեկ նույնիսկ ոստիկանություն բերման ենթարկվողներ են եղել: Մասնավորապես, ըստ որոշ տեղեկությունների, ոստիկանություն են տարել դրսից ժամանած «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայի վարորդին:
Ոստիկանությունից հայտնում են, որ իսկապես, երկու մարդու հրավիրել են ոստիկանության բաժին, քանի որ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ լուրեր են եղել, սակայն այդ մարդիկ ազատ են արձակվել, քանի որ լուրերը չեն հաստատվել:




























