Ազգային Ժողովի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքել է մեկ այլ գործարարի` Սիլվա Համբարձումյանի հայտարարությունը, թե իր ներկրած շաքարավազը անորակ է եւ թանկ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ալեքսանյանն ասաց. «Ամեն ինչով մեր շաքարավազը նորմալ է, կարող եք ֆիրմային էլ հարցնել: Եթե նորմալ չլիներ, «Պեպսի-կոլան» մեզնից շաքարավազ չէր գնի: Թե այստեղ արտադրվող, թե Վրաստանում արտադրվող «Պեպսի-կոլան» մեզնից են շաքարավազ գնում»,- նշեց պատգամավորը:

Վերջինս նաեւ հերքեց, թե շաքարավազը վաճառվում է բարձր գնով: Սիլվա Համբարձումյանը, մասնավորապես նշել էր, թե ինքը կարող է առավելագույնը 230 դրամով շաքարավազ ներմուծել Հայաստան: «Եթե «սիրեցի» (հումքի-խմբ.) մեկ տոննայի գինը 700-ից 760 դոլար է Փոթիում, իսկ պատրաստի շաքարավազը միշտ 100-120 դոլարով թանկ է լինում, ինչպե՞ս կարող է նման գին լինել: Գումարած տեղափոխման գինը, մինչեւ 50-60 դոլար ավելանում է: Եթե այդ գնով կարողանում է բերել, ես այլ երկրների հետ կապեր ունեմ, միլիոն տոննաներով կարող ենք ուղարկել, ծախենք»,- նկատեց Ալեքսանյանը:

Նշենք, որ օրերս Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր. «Հայաստանում սարսափելի գին է եւ անորակ շաքարավազ, որը ոչ մեկին խորհուրդ չեմ տա օգտագործել, որովհետեւ առողջության համար շատ վտանգավոր է. շաքար հիվանդություն կառաջացնի»:«Հետքի» դիտարկմանը, թե ՏՄՊՊՀ նախագահը հայտարարել է, որ շաքարավազի ներկայիս ինվոյսային արժեքները համահունչ են միջազգային գների հետ, գործարարը պատասխանել էր. «Ոչ, ես բերում եմ շաքարավազ 1 տոննան 488 դոլարով եւ ծախում եմ ամբողջ արաբական աշխարհին: Եթե Հայաստանում մաքս կա ինչ-որ 100 դոլար, թող ավելանա եւ կազմի 588-600 դոլար, որի պարագայում 1 կգ-ի արժեքը 60 ցենտից (մոտ 230 դրամ) էլ պակաս կկազմի»:

Նշենք, որ հայաստանյան խանութներում մեկ կգ շաքարավազը վաճառվում է 450-460 դրամով: Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս-Գրիգ» ընկերությունը գերիշխող է շաքարավազի ներմուծման ոլորտում: