Սիրիայի հայությունը ներկայումս գտնվում է շատ լավ վիճակում, միշտ էլ եղել է կառավարության կողքին, ցանկացած կառավարության, ինչ կառավարություն էլ լինի, մենք կառավարության կողքին ենք, բայց այսօրվա կառավարությունն անշուշտ սիրիահայության համար ավելի նախընտրելի է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է սիրիահայ գործարար, «Փյունիկ» հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջամբարջին:

Վերջինիս խոսքով, վերջին ութ ամիսներին Սիրիայի հայությունը որեւէ խնդիր չի ունեցել: «Ընդհանրապես 22 միլիոնանոց երկիր է Սիրիան, մոտ 3 հազար մահեր են եղել, որոնց մեծ մասը կառավարության զինվորներն են: Դրսից ավելի մեծ է ճնշումը, քան ներսից»,- նշեց հայազգի գործարարը, իսկ հարցին, թե ովքեր են հանդես գալիս Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ, պատասխանեց. «Հանդես են գալիս իսլամական ծայրահեղականները, որոնք շանսեր չունեն իշխանության գալու, մեր երկրի մեկ/հարյուրերորդ մասն են եւ իրենցից բան չեն ներկայացնում»:

Գաբրիել Ջամբարջին նաեւ քննադատեց Արաբական պետությունների Լիգայի քայլը ` դադարեցնել Սիրիայի անդամակցությունը, այն շատ սխալ արարք որակելով: «Դրանից հետո 5 միլիոն մարդ բոլոր մարզերում, ոչ միայն Դամասկոսում, այլեւ Հալեպում, Լաթաքիայում եւ այլուր ցույցի ելան, որ Ասադի կողքին են, եւ մանավանդ արաբ աշիրաները, հայտարարեցին, թե  արաբական պետությունները սխալ բան արեցին եւ այժմ իրենք էլ սիրիական բանակի կազմում են եւ պայքարում են»: