Համաշխարհային հայտնի գրող Սալման Ռուշդին սոցիալական Facebook ցանցի ադմինիստրատորներից նվաճել է Ահմեդի փոխարեն Սալման գրվելու իրավունքը: Պարզվում է, նրա ամբողջական անունը անձնագրում Ահմեդ Սալման Ռուշդի է, եւ սոցցանցը նրան միայն իբրեւ Ահմեդ Ռուշդի էր ընկալում:

Վերջերս գրողին զրկել էին իր էջ  մուտք գործելու հնարավորությունից: Անձնագրի պատճենը Facebook-ի ադմինիստրատորներին ուղարկելուց հետո նրա ֆեյսբուքյան հաշիվը արգելափակվել էր, հայտնում է  Agence France-Presse-ը:

Գրողը Twitter-ի միջոցով դիմել է Մարկ Ցուկերբերգին` պահանջելով վերադարձնել  իր անունը, բայց պատասխան չի ստացել: Այդ ժամանակ գրողը սոցցանցի ադմինիստրատորներից պահանջել է վերադարձնել Սալման անունը, քանի որ այդ անվամբ են իրեն ճանաչում ամբողջ աշխարհի ընթերցողները:

Ի վերջո, Facebook-ի ադմինիստրատորները հանձնվել են` Ռուշդիին հնարավորություն տալով հանդես գալ իբրեւ Սալման: Բացի այդ, ընկերությունը գրողից ներողություն է խնդրել:

Սալման Ռուշդին ծագումով Բոմբեյից է եւ փոխնեփոխ ապրում է Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Ռուշդին հանրահայտ է դարձել 1989թ.  «Սատանայական բանաստեղծություններ» գրքի լույս ընծայումից հետո: Շատ մուսուլմաններ գիրքն անվանում են անարգանք, իսկ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Խոմեյնին գրողին սպանելը աստվածահաճո գործ է անվանել: