«Թուրքիան այլեւս այդքան էլ ադրբեջանամետ չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ հավելելով, որ ի տարբերություն Թուրքիայի նախկին ազգայնական իշխանությունների, որոնց համար «մեկ ազգ երկու պետություն» սկզբունքը առաջնային էր, այսօրվա ղեկավարները՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդությամբ, շեշտը դնում են ոչ թե ազգայնականության, այլ իսլամի եւ տնտեսության վրա: Շաքարյանն ընդգծեց, որ չի կարելի կտրուկ հայտարարել, թե Թուրքիան այլեւս խաչ է քաշել Ադրբեջանի վրա, բայց մյուս կողմից չի կարելի ասել նաեւ, թե «Թուրքիան եւ Ադրբեջանը երկու եղբայրական պետություններ են»: Նա նշեց, որ Ադրբեջանը Թուրիքայի համար տնտեսական առումով շատ կարեւոր է, քանի որ էժան գներով գազ է մատակարարում:

Մեկնաբանելով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ սկսած «դրոշների պատերազմը» թուրքագետն ասաց, որ Ադրբեջանը ուզում էր Թուրքիային ցույց տալ, որ "իրենք ատամ ունեն Թուրքիայի վրա եւ իբրեւ այլընտրանք Nabucco-ին, գազը կարող են վաճառել Ռուսաստանին:

Ինչ վերաբերում է ադրբեջանական հասարակության մեջ տիրող տրամադրություններին, թուրքագետի համոզմամբ, ադրբեջանցիները հիասթափված են թուրքերից. «Թուրքիայի վրա խաղադրույքը շատ բարձր էր, քանի որ գիտեին թուրքական սահմանը Հայաստանի համար բավականին էական է եւ թուրքական սահմանի փակ լինելը համարում էին Ղարաբաղյան հակամարտության գործում Ադրբեջանի ապագա հաղթանակի ամենակարեւոր հիմնասյուներից մեկը: Տեսնելով, որ այդ հիմնասյունը փլուզման վրա է, կամ այդ ուղղությամբ է գնում, հասարակությունը մեծ հիասթափություն է ապրում Թուրքիայից»: