Հայաստանի գլխավոր դատախազությունը դեռ չի ստացել բողոք գործարար Սիլվա Համբարձումյանից Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Նա նաեւ հաստատել է, որ Սիլվա Համբարձումյանն այսօր հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն ցուցմունք տալու:
Հիշեցնենք, որ օրերս մամուլի ասուլիսում գործարարը մեղադրանքներ էր հնչեցրել Սուրեն Խաչատրյանի եւ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հասցեին՝ ովքեր հավակնություններ էին դրսեւորել Սիլվա Համբարձումյանին պատկանող «Լիճքվազ-Թեյի» ոսկու հանքի նկատմամբ: Ի վերջո, գործարարի պնդմամբ՝ անօրինական գործողություններով հանքը խլել են իր ձեռքից: Սյունիքի մարզպետին Սիլվա Համբարձումյանը մեղադրել էր նաեւ միլիոնավոր դոլարների սարքավորումներ «գողանալու» մեջ:
Նոյեմբերի 14-ին, 7:30-ի սահմաններում, «Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը («Լիսկա»), ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին:
Ըստ ականատեսների, Սուրեն Խաչատրյանը մտնելով «Մարիոթ» հյուրանոց եւ ֆոյեում տեսնելով Սիլվա Համբարձումյանին՝ մոտեցել է, ոտքով հարվածել վերջինիս, ապա հարձակվելով հանկարծակիի եկած կնոջ վրա՝ հարվածների տարափ է տեղացել: Ըստ «Առավոտի» տեղեկությունների, տվյալ սրահում տեսանկարահանող սարքեր կան փակցված, որոնք արձանագրել են մարզպետի «հերոսական կեցվածքը»:



























