7 տարի առաջ, եղբայրների կողմից, «ընտանիքի պատիվն արատավորելու համար» սպանված կնոջ ընկերոջը նույնպես գնդակահարել են: Ենթադրվում է, որ սպանության հեղինակը սպանված աղջկա հայրն է: Այս մասին հաղորդում է թուրքական «Today’s Zaman»-ը:

Գյուլդյունի Թյորենի եղբայրները` Իրֆանն ու Ֆերիթն իրենց քրոջն սպանել էին Ստամբուլում` 2004-ին: Աղջիկն այդ ժամանակ 22 տարեկան էր եւ իր ընկերոջից նախքան ամուսնությունը երեխա էր ունեցել:

Սպանության առաջին փորձից հետո աղջիկը կենդանի էր մնացել, բայց ավելի ուշ եղբայրները գնդակահարել էին նրան հիվանդանոցում, որտեղ աղջիկը բուժվում էր:

Սերվեթ Թաշ անունով 38-ամյա տղամարդը, ով համարվում էր երեխայի հայրը, սպանվել է նոյեմբերի 14-ին, Ստամբուլի Սուլթանբեյլիի շրջանում:
Կասկածյալները, որոնցից մեկը, ենթադրաբար, աղջկա հայրն է, սպանել են Թաշին` 6 անգամ կրակելով նրա ուսին ու գլխին:

Կասկածյալները դեպքի վայրից մեքենայով դիմել են փախուստի: Ոստիկանությունը ներկայումս փնտրում է 3 կասկածյալների, այդ թվում Թյորենի հորը: