2011 թ. Հայաստանից արդեն իսկ արտահանվել է 135 հազ. գլուխ ոչխար, այսօր` նոյեմբերի 15-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը: Ոչխարները, ինչպես եւ նախորդ տարիներին, արտահանվում են Իրան:
Չնայած ոչխարների արտահանման ծավալները մնում են բավական բարձր, այնուամենայնիվ` դրանց գլխաքանակը շարունակում է աճել: Այսպես` նախորդ տարվա համեմատ ոչխարների եւ այծերի գլխաքանակը ավելացել է 35 հազարով, եւ հասել է 568 հազարի: Ըստ Գ. Բաղիյանի` առաջիկա տարիներին Հայաստանում ոչխարների գլխաքանակը կհասնի 1.5 մլն-ի:
Հայաստանում, ըստ Գ. Բաղիյանի, աճել են նաեւ խոշոր եղջերավոր անասունների եւ խոզերի գլխաքանակները: Այսպես` խոշոր եղջերավոր անասունների գլխաքքանակն աճել է 3 հազարով եւ կազմում է 574 հազ.: Խոզերի գլխաքանակն աճել է 5 հազարով եւ կազմում է 120 հազ.:
Այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ մսի գները չեն նվազում, Գ. Բաղիյանն ասաց, որ խոզի եւ ոչխարի մսի գինը չի փոխվել, իսկ տավարի մսի գինը նույնիսկ նվազել է գարնան գների համեմատ:
Փոխնախարարի տեղեկացմամբ` Հայաստանը տավարի ու խոզի մսի առումով ունի անբավություն, որի պատճառով որոշ քանակություն ներմուծում ենք, հատկապես տոներից առաջ: Սակայն առկա է ոչխարի մսի 100 տոկոս ինքնաբավություն:



























