Նոյեմբերի 15-ին եռօրյա այցով Հայաստան է ժամանում «Թաթեոսյան Լոնդոն» բրենդի հիմնադիր Ռոբերտ Թաթեոսյանը, որի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, «Թաթեոսյան Լոնդոն» բրենդային խանութ սրահի բացում, որին կմասնակցի նաեւ երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը: NEWS.am-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից հայտնեցին, որ նախատեսվում է նաեւ մշակութային ծրագիր։
Նշենք, որ Հայկական արմատներ ունեցող բրիտանացի գործարար Ռոբերտ Թաթեոսյանը 1990թ. հիմնադրել է «Թաթեոսյան Լոնդոն» ընկերությունը, որը զբաղվում է բարձրակարգ զարդերի դիզայնով եւ արտադրությամբ: Թաթեոսյանը աշխարհում հայտնի է դարձել իր բարձրակարգ ճարմանդներով: Ընկերությունը նաեւ ճարմանդների դիզայն է մշակում այնպիսի հանրահայտ նորաձեւության տների համար, ինչպիսիք են «Zegna»-ն, «Canali»-ն, «Corneliani»-ն: Երեք անգամ ընկերությունը արժանացել է «British Fashion Export Award» պարգեւին:
«Թաթեոսյան Լոնդոն» ընկերության արտադրանքը վաճառվում է աշխարհի ավելի քան 50 երկրներում:



























