Մոսկվայի դատարանը ապահովական միջոցներ է կիրառել պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի և նրա հարազատների անշարժ գույքի, ակտիվների և բանկային հաշիվների նկատմամբ։ Այս մասին ապրիլի լույս 25-ի գիշերը հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։

Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը։ Կալանված գույքի արժեքը չի հաղորդվում։

Թիմուր Իվանովը ապրիլի 24-ից գտնվում է Լեֆորտովոյի քննչական մեկուսարանում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու քրեական գործով։ ՏԱՍՍ-ի աղբյուրի հաղորդմամբ, հետաքննությունը կարծում է, որ 2018-2023 թվականներին Իվանովը տարբեր ծառայությունների դիմաց ավելի քան մեկ միլիարդ ռուբլու չափով կաշառք է ստացել ։

Ինչպես գրում է Коммерсантъ-ը, քննիչների տվյալներով, Իվանովը ատկատներ է ստացել «Олимпситистрой» ՍՊԸ-ի համասեփականատեր Ալեքսանդր Ֆոմինից՝ նրան պատկանող անշարժ գույքի շինարարության և վերականգնման ծառայությունների դիմաց, և փոխարենն օգնել է ընկերությանը տասնյակ միլիարդավոր ռուբլիների պայմանագրեր կնքել։ Իվանովի դեմ ցուցմունք է տվել «Олимпситистрой»-ի հիմնադիրներից մեկը։

ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն Թիմուր Իվանովին ազատել է փոխնախարարի պաշտոնից։

Ըստ «Կարևոր պատմություններ»ի ԱԴԾ-ում եղած աղբյուրների, ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը կասկածվում է պետական ​​դավաճանության մեջ։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։ Իվանովի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը մեղադրվում է միայն կաշառք վերցնելու մեջ։