Ադրբեջանում վարչապետի պաշտոնի համար պայքարը թեժանում է, քանի որ հավանական թեկնածուների շարքում հայտնվել են նոր դեմքեր, որոնք կարող են լուրջ մրցակցություն ստեղծել, գրում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը` վկայակոչելով ներիշխանական իր աղբյուրները:

Նշենք, որ վարչապետի պաշտոնի հիմնական թեկնածուներից են Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովը, տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը, խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովը եւ Պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը: «Ենի Մուսավաթը» նշում է, որ վերջին շրջանում թեկնածուների ցուցակում շրջանառվում է նաեւ Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովի անունը:

«Նա սերտ հարաբերություններ ունի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ալի Աբասովը հեռու է մնում ներիշխանական ինտրիգներից, կարելի է ասել, որ նա ընդգրկված չէ ներիշխանական խմբավորումներից եւ ոչ մեկում: Շատերը համամիտ են, որ Ալի Աբասովը լավագույն թեկնածու է վարչապետի պաշտոնի համար: Եթե արտակարգ ոչինչ տեղի չունենա եւ նոր, ավելի լավ տարբերակ ի հայտ չգա, ապա Աբասովը 2012-ի սկզբներին կզբաղեցնի վարչապետի պաշտոնը»,-գրում է «Ենի Մուսավաթը»:

Նշենք, որ վերջին շրջանում վարչապետի պաշտոնի թեկնածուներից հատկապես ակտիվ շրջանառվում էր Տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի անունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովն առաջիկայում կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, Զիյա Մամեդովի շրջապատն արդեն նրան վարչապետ է համարում:

«Փաշաեւները հանգիստ են վերաբերվում այն հանգամանքին, տրանսպորտի նախարարը կարող է զբաղեցնել Արթուր Ռասիզադեի պաշտոնը, քանի որ դա կնպաստի իրենց դիրքերի ամրապնդմանը: Զիյա Մամեդովը կարծում է, որ այսուհետ Փաշաեւներն իր վրա կդնեն «ստավկան»,-գրում էր «Ազադլըգ» թերթը: