Հայաստանում 2011 թ. հունվար-սեպտեմբերին, հարկային օրենսդրության խախտումների հետ կապված, ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեում առկա է 1551 հետաքննական նյութ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը` հղում անելով ՊԵԿ-ին:
Նշենք, որ հարկային իրավախախտումների թիվը 2007 թ. հետո անշեղորեն աճել է: Այսպես` 2007 թ. 9 ամսում առկա էին 205 այդպիսի նյութեր, 2008-ին` 316: Ճգնաժամի ընթացքում եւ հետո այդ գործերի քանակը անշեղորեն աճում է` 2009 թ. հասնելով 618-ի, իսկ 2010 թ.` 1468-ի: Այսպիսով` 2008 թ. համեմատ` հարկային իրավախախտումների թիվն ավելացել է մոտ 5 անգամ:
2011 թ. հարկային իրավախախտումների 32 տոկոսը վերաբերում է հարկերից կամ տուրքերից խուսափելուն, իսկ 19.2 տոկոսը կանխամտածված սնանկության դեպքեր են: Մեծ թիվ են կազմում նաեւ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվողները` ընդհանուրի 6.1 տոկոսը:
Ի տարբերություն հարկային իրավախախտումների` մաքսային իրավախախտումների թիվը եւ փոքր է, եւ ունի նվազման միտում:
Այսպես` 2011 թ. հունվար-սեպտեմբերին մաքսային իրավախախտումների 34 դեպք է արձանագրվել, նախորդ տարվա 43-ի համեմատ: Մաքսային իրավախախտումների առավելագույն քանակը եղել է 2009 թ.` 64:




























