Շիրակի մարզում այսօրվանից` նոյեմբերի 16-ից ջերմաստիճանի բարձրացում է սպասվում 4-5 աստիճանով, զուգահեռաբար տեղումները կշարունակվեն: Այս տեղեկությունները Շիրակի մարզային հիդրոմետ ծառայության պետ Հերմես Թադեոսյանին են: Ըստ մասնագետի՝ տեղումներն այս տարի նորմայից ավելին են լինելու:
«Անցած տարի էլ տեղումները նորմայից ավելին էին, այս տարի էլ կանխատեսումներն այդ են ցույց տալիս: Օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում, այսինքն սաստիկ ցուրտ ձմեռ չի սպասվում»,-ասել է Հերմես Թադեւոսյանը: Ըստ նրա, ձմեռն այս տարի մոտ մեկ ամսով շուտ եկավ, ինչը պայմանավորված է հյուսիսից մեր տարածաշրջան սառը օդային հոսանքների ներթափացմամբ:
«Սառը օդային հոսանքները մեր տարածաշրջան թափանցեցին նոյեմբերի 12-ից, եղանակը կտրուկ անկում ապրեց 12 աստիճանով: Շիրակի մարզում գրանցվել է -18 աստիճան ցուրտ: Ընդ որում ձյան շերտի հաստությունը Գյումրիում, Արթիկում եւ Աշոցքում նույնն է եղել»,-ասել է Հերմես Թադեւոսյանը: Ըստ նրա, վերջին անգամ նոյեմբերին մինչեւ -24 աստիճան գրանցվել է 1953թ-ին: Իսկ վերջին 10 տարվա ընթացքում ջերմաստիճանի նման անկում նոյեմբերին չի գրանցվել:




























