Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին  որոշել է հարթել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կապված անհարմար իրավիճակը` նրա աներոջ մահվան կապակցությամբ ցավակցական նամակ ուղարկելով, հայտնում է Reuters գործակալությունը:

Իր նամակում Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Իսրայելի վարչապետը միշտ կարող  է հույս դնել իր բարեկամության վրա, չնայած «Մերձավոր Արեւելքի խնդրի վերաբերյալ ունեցած տարբեր հայացքներին»: Նա նաեւ վստահեցրել է Նեթանյահուին, որ «նրա կողմից մամուլում արված արտահայտությունները այդ բարեկամության վրա ոչ մի ազդեցություն չեն թողնի»:

Հիշեցնենք, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր ամերիկյան գործընկեր Բարաք Օբամայի հետ ունեցած անձնական զրույցում նշել է, որ «մինչեւ կոկորդը կուշտ է» Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի  պահվածքից:

ՄԱԿ-ին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին Պաղեստինի անդամակցության մասին զրույցում Նիկոլա Սարկոզին Նեթանյահուին ստախոս է անվանել եւ խոստովանել, որ նրան տանել չի կարողանում: Բարաք Օբամայի պատասխանը, թարգմանչի ներկայացմամբ, մոտավորապես այս բովանդակությունն է ունեցել. ԱՄՆ նախագահը պետք է պարբերաբար առնչվի Իսրայելի վարչապետի հետ, անկախ նրանից, թե Ֆրանսիայի նախագահը ինչ զգացմունքներ է տածում Նեթանյահուի նկատմամբ: Օբամայի եւ Սարկոզիի զրույցը կայացել է նոյեմբերի սկզբին, բայց ֆրանսիական լրատվամիջոցներն այն չէին հրապարակել` չցանկանալով անհարմար դրության մեջ դնել նախագահին: Տեղեկատվության արտահոսքը մամուլում տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին: