Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը nոյեմբերի 16-18-in, ՌԴ ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հրավերով կմեկնի Մոսկվա:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղարը հանդիպումներ կունենա Ռուսաստանի իր գործընկերոջ` Նիկոլայ Պատրուշեւի, Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Միխայիլ Դմիտրեւի, Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուի եւ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:
Այցի շրջանակներում կստորագրվի Հայաստանի եւ Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության 2012-2013 թթ. ծրագիրը:
Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության ընթացիկ հարցերի քննարկման եւ հետագա փոխգործակցության նոր ուղիների նախանշման նպատակով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կենտրոնակայանում տեղի կունենա «Հայաստանի համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում» թեմայով կլոր սեղան-քննարկում, որին կմասնակցեն ՀՀ եւ ՌԴ անվտանգության խորհուրդների, ՀԱՊԿ ստորաբաժանումների, պաշտոնական այլ շրջանակների ներկայացուցիչներ եւ փորձագետներ: ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի կողմից իրականացված բարեփոխումների շուրջ զեկույցով հանդես կգա ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:




























