ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզայի հնարավոր նշանակումը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կդառնա ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի պետությունների ինտեգրման գործընթացի մեկնարկետ՝ նկատի առնելով 2009 թվականի հուլիսի 13-ին Թուրքիայի ու Եվրամիության մի շարք երկրների կողմից (Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Ավստրիա) Nabucco էներգետիկ ծրագրի շուրջ միջկառավարական համաձայնագրի ստորագրումը, NEWS.am-ի թղթակցին հայտարարել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով եվրոպական փորձագետ Սիմոն Մանուկյանը։
Ըստ Սիմոն Մանուկյանի, Nabucco գազատարի շինարարության վերաբերյալ փաստաթղթի ընդունումից ու ծրագրի գործնական հարթություն անցնելուց հետո ԱՄՆ-ին ու Եվրամիության երկրներին անհրաժեշտ կլինի էներգետիկ նոր միջանցքը ապահովագրել արտաքին միջամտություններից։ Այդ պատճառով վերոհիշյալ ծրագրին մասնակից մատակարար եւ տարանցիկ որոշ պետությունների (Վրաստան, Ադրբեջան) մոտ ժամանակներս կարող է առաջարկվել այս կամ այն ձևով ինտեգրվել եվրոատլանտյան կառույցներ։
Փորձագետի կարծիքով, առաջարկությունը հավանաբար կստացվի 2009 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ այն բանից հետո, երբ տեղի կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պատմական այցը Անկարա, որտեղ նախատեսվում է ստորագրել հայ-թուրքական հաշտեցման երկկողմ պայմանագիր։
Այդ իրադարձությունը պետք է նշանավորի հայ-ադրբեջանական կարգավորման ու հայ-թուրքական հակասությունների փոխկապակցված գործընթացների ավարտը, որոնք արդեն 15 տարիներ ի վեր փորձաքար են դեպի Հարավային Կովկաս ՆԱՏՕ-ի ընդլայնման ճանապարհին,- կարծում է փորձագետը։
Հարավային Կովկասի երկրների ընդգրկումը ամերիկա-եվրոպական քաղաքական-տնտեսական ծրագրերում (Կովկասում կայունության ու համագործակցության պլատֆորմ, «Արևելյան գործընկերություն» ծրագիր, Nabucco նախագիծ), ղարաբաղյան հակամարտության լուծումը և հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը Թուրքիային, Վրաստանին, Ադրբեջանին ու Հայաստանին կկապեն հզոր միասնական տարանցիկ հանգույցով, որը բեռներ ու էներգապաշարներ կտեղափոխի Արևելքից դեպի Արևմուտք՝շրջանցելով Ռուսաստանը,- վատահ է նա։ Ըստ Մանուկյանի, այդ հսկայական նախագծի իրականացումը անպատճառ առաջ կքաշի Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքական ու ռազմական կողմնորոշման հարցը։
Հենց այս գործընթացների հետ է Սիմոն Մանուկյանը կապում ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզայի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակումը՝ կարծելով, որ այդ հանգամանքը միայն կարագացնի Դաշինքին հանրապետությունների ինտեգրման գործընթացը։ «Բրայզան լավատեղյակ է հայ-թուրքական և ղարաբաղյան կարգավորման գործընթացներին, ծանոթ է հայ-ադրբեջանական հարաբերությունների բոլոր նրբություններին և այդ երկրների ղեկավարների թույլ տեղերին»,- ասել է փորձագետը։ Նրա կարծիքով, Մեթյու Բրայզան, ամենայն հավանականությամբ, Բաքվում դեսպան կնշանակվի, որպեսզի ամենակարճ ժամկետներում՝ մինչև 2009 թվականի հոկտեմբեր ամիսը, ինչպես դա պահանջում է թուրքական ղեկավարությունը, ավարտին հասցնի ղարաբաղյան կարգավորման գործընթացը։
«Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչ և Ադրբեջանում նույ երկրի դեսպան Մեթյու Բրայզայի կապը իրենից կներկայացնի մի տեսակ կոշտ „մամլիչ“, որը Հայաստանից զիջումներ կկորզի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և Թուրքիայի հետ Կարսի պայմանագրի հարցում համաձայնության շուրջ, իսկ Ադրբեջանից՝ զիջումներ Լաչինի միջանցքի ու ԼՂՀ-ում հանրաքվեի անցկացման հարցերում»,- նման կարծիք է հայտնել Մանուկյանը։ Ըստ նրա, «գունավոր հեղափոխությունների» մասնագետի (Մ. Յովանովիչ) ու աշխարհաքաղաքականության մասնագետի (Մ. Բրայզա) տանդեմը կարող է լրջորեն խարխլել Ռուսաստանի և ռազմա-քաղաքական ՀԱՊԿ բլոկի դիրքերը կովկասյան տարածաշրջանում։
Փորձագետը չի բացառել նաև, որ ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից նշված ծրագրերի իրականացումը կարող է հանգեցնել նաև Հայաստանում ու Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակի լուրջ ապակայունացման, քանզի այդ պետությունների քաղաքական շրջանակները չափազանց բացասաբար են ընդունում ղարաբաղյան հակամարտության կարգավորման դրսից պարտադրվող տարբերակը։



























