Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ կապված աղմկահարույց միջադեպը առաջինը չէ: Դա առաջին դեպքը չէ, մենք գործ ունենք շարունակական երեւույթի հետ: Այդ մասին հայտարարել է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նոյեմբերի 16-ին կայացած ասուլիսում:

Հիշեցնենք, որ օրերս գործարար Սիլվա Համբարձումյանը մեղադրել է Սուրեն Խաչատրյանին իրեն ծեծելու մեջ: Իսկ Սուրեն Խաչատրյանը չի ընդունում այդ մեղադրանքները:

Մեկնաբանելով Սյունիքի մարզպետի մեղմ ասած «ոչ այնքան ջենտլմենական արարքը»` Արամ Սարգսյանը նշել է, որ ցավոք, միայն Խաչատրյանը չէ, որ կարող է իրեն նման արարք թույլ տալ: «Այդ կապակցությամբ անհասկանալի է իշխող կուսակցության դիրքորոշումը: Պետք է ծանր հանցագործության դիմե՞ն, որ հասկանալի դառնա, թե դրանք ովքեր են: Նրանք պատիվ չեն բերում ոչ երկրին, ոչ էլ հասարակությանը»,-շեշտել է Արամ Սարգսյանը: Նրա կարծիքով, մարզպետ նման հանգամանքներում պետք է հրաժարական տա: