Հայաստանի ադամանդագործական ոլորտը դուրս է գալիս ճգնաժամից: Այդ մասին այսօր` նոյեմբերի 16-ին, Նոր Հաճնի ադամանդագործական ձեռնարկություններ կատարած այցի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Նախարարը նշեց, որ ադամանդագործական ոլորտը անկում էր ապրում դեռ մինչեւ 2008-2009 թթ. համաշխարհային ճգնաժամը, իսկ դրանից ազդեցությամբ անկումն ավելի խորացավ: Համեմատության համար` եթե 2000-ական թվականների սկզբներին Հայաստանն արտահանում էր տարեկան 300 մլն դոլարի ադամանդ, որը ընդհանուր արտահանման մոտ 40 տոկոսն էր, ապա 2011 թ. 9 ամսում արտահանվել է 85 մլն դոլարի ադամանդ:
Ռուսական «Ալռոսա» ընկերության հետ պայմանավորվածություններից հետո, սկսած 2009 թ. դեկտեմբերից, Հայաստանը ձեռք բերեց հումքի մատակարարման կայուն աղբյուր: Ըստ Տ. Դավթյանի` տարեսկզբին աշխատում էր 1-2 ադամանդագործական ձեռնարկություն, իսկ ներկայում` 6-ը, տարեվերջին դրանց թիվը կհասնի 10-ի: Սակայն նշենք, որ Հայաստանի խոշորագույն ադամանդագործական «Շողակն» գործարանը պարապուրդի մեջ է, ու նրա հեռանկարները բավական անորոշ են: 2011 թ. Հայաստանը Ռուսաստանից ներկրել է մոտ 40 մլն դոլարի ալմաստ, 2012 թ. այդ թիվը կգերազանցի 50 մլն դոլարը: Ներկայում աշխատում են «Դայմոթեք», «Արեւակն», «ԷՅ-էլ-Թի», «Ֆայեր սթոուն», «Լորի», «Անդրանիկ», «Արսինի» եւ «Դի-Սի-Էյ» ընկերությունները:




























